Friday, June 8, 2012

Ինչո՞ւ Ադրբեջանը գնաց դիվերսիաների

Zham.am. 7-6-2012- Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, թե ադրբեջանական բանակը յուրաքանչյուր վայրկյան ի վիճակի է ռազմական ճանապարհով «ազատագրել» «իր» հողերը, և դրա համար անհրաժեշտ է ընդամենը 10 օր։ Սակայն չի գնում նման քայլի, քանի որ «զոհեր ու արյունահեղություն չի ուզում»: Ադրբեջանի այս հերթական ռազմատենչ հայտարարությունը առնվազն ծիծաղ է առաջացնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի համատեքստում: Սակայն ամեն ինչ հերթով. 1) Բաքվում Եվրատեսիլի մրցույթի անցկացման արդյունքում միջազգային հանրությունը սկսեց լուրջ ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին, այլախոհներին, լրագրողներին ու ընդդիմադիրներին հետապնդելուն ու բռնություններին: Փաստացիորեն ստեղծվեց մի իրավիճակ, որ արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներն այնպիսի ինտենսիվ կերպով էին բացահայտում ալիևյան կլանի գործելաոճն ու սեփական քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որ Ադրբեջանի իշխանությունները խուճապի մեջ հայտնվեցին: Նորություն չէ, որ Ադրբեջանը ներքին խնդիրներից հանրությանը շեղելու հիմնական տարբերակ է համարում հայերի «դավադրությունների» մասին խոսելը, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը որպես Ադրբեջանի զարգացման հիմնական խոչընդոտ ներկայացնելը: Նույնիսկ Ադրբեջանի պաշտոնյաների երևակայությունը հասավ նրան, որ Ադրբեջանի մասին արևմտյան մամուլում լույս տեսնող քննադատական հոդվածների և Եվրախորհրդրանում Ադրբեջանում ժողովրդավարության տխուր վիճակը բացահայտող բանաձևի հետևում հայերին տեսան: Սակայն Արևմուտքից եկող քննադատությունն ուժեղ էր ու դրան հակադրել էր պետք: Ենթադրելի էր նաև, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնի այցի ժամանակ այս թեման ևս չէր շրջանցվելու, ինչն ուղղակի վտանգ էր Ադրբեջանի իշխանությունների համար: 2) Արդեն իսկ սովորություն է դարձել, որ սպասվող բանակցային հանդիպումներից կամ օտարազգի բարձրաստիճան պաշտոնյաների գալուց կամ գնալուց առաջ Ադրբեջանը սադրանքներ կամ դիվերսիոն փորձեր է անում: Ու սովորաբար փորձում է թաքցնել դիրվերսիաների կամ կրակահերթերի արդյունքում ունեցած զոհերի մահվան իրական պատճառները: Սակայն երբ Քլինթոնը Հայաստանում հայտարարեց, որ ուժի կիրառումը պետք է բացառվի և որ ինքը պատրաստվում է այդ մասին ասել նաև Ադրբեջանի նախագահին, Ադրբեջանի իշխանությունները որոշեցին «հայկական դիվերսիայի» մասին կեղծ տեղեկատվությունը խաղարկել ու խոստովանել, որ ադրբեջանցի 5 զինվորները մահացել են սահմանային ն բախումների արդյունքում: Իսկ հաջորդ օրերին արդեն Ադրբեջանի անհաջող դիվերսիաներին զուգահեռ, այնուամենայնիվ, Ադրբեջանի զինվորները շարունակեցին մահանալ «բետոնե սալիկի վայր ընկնելուց», «ականի վրա պայթելուց», «գետում լողանալիս»: Այս մասին վերջին օրերին Zham.am-ը մի քանի անգամ գրել է: Սակայն հարկ է հավելել մի շատ կարևոր նրբություն: Ադրբեջանը վերջին տարիներին իր հանրությանը համոզում է, թե Ադրբեջանը ի զորու է ռազմական ճանապարհով ետ բերել «իր հողերը»: Ընդ որում պարտված ադրբեջանական ժողովրդին դրանում համոզելու համար ստեղծել է միֆն այն մասին, որ Ադրբեջանը զարգանում ու էլ ավելի է ամրացնում իր բանակը, իսկ Հայաստանը գնալով աղքատանում է, "հայերը փախչում են Հայաստանից", իսկ հայկական բանակը "սասափելի" վիճակում է. սպառազինվելու հնարավորություն չունի: Սակայն Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ թե՜ խնդրի ռազմական լուծման նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի և թե՜ սեփական բանակի իրական, այլ ոչ ուռճացված կարողությունների պայմաններում չեն կարող գնալ ռազմական լուծման: Ամենատարբեր միջազգային փորձագետները նշում են, որ չնայած Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է այն ծախսերին, որ հայկական կողմն է օգտագործում իր բանակի վերազինման համար, հայկական բանակն ավելի մարտունակ է: Սակայն հասկանալի է, որ Ադրբեջանը չի կարող անվերջ սնել իր ժողովրդին ռազմական հռետորաբանությամբ ու ոչ մի գործնական քայլի չգնալ`կասկածներ առաջացնելով հանրության շրջանում Ադրբեջանի իրական հնարավորությունների նկատմամբ: Հետևաբար փորձում է սահմանային «փոքրիկ հաղթանակների» միջոցով համոզել իր քարոզչության իբր ճշմարտացիությունը, հանրությանը ցույց տալ, թե իբր կոնֆլիկտի ռազմական լուծման պարագայում "Ադրբեջանի հաղթանակն այլընտրանք չունի": Սակայն քանի որ տարբեր ուղղություններով վերջին դիվերսիաների արդյունքում մեծաթիվ զոհեր ունեցավ, իր ռազմական "առավելությունները" ցույց տալու Ադրբեջանի այս անգամվա փորձերը ևս փաստացիորեն ձախողվեցին: Իսկ հայկական բանակը, չնայած շատ ցավալի մարդկային կորուստներին, պատվով կատարեց իր առջև դրված խնդիրն ու ետ շպրտեց Ադրբեջանի նախահարձակ գործողությունները: Ու հիմա Ադրբեջանի իշխանություններին ոչինչ չի մնում, քան ոչ մի հիմք չունեցող ռազմական հոխորտանքները “10 օրում իրենց հողերը ետ բերելու հնարավորության” մասին: Ադրբեջանը բնականաբար նման հայտարարություններ անելիս հաշվի է առնում նաև, թե կարող է դրանով բարոյալքել հայ հանրությանը և ապացուցել «հայկական ագրեսիայի» անհեռանկարայնությունը, չնայած վերջին օրերին սահմանային միջադեպերի ժամանակ Ադրբեջանի կրած կորուստները ցույց տվին Ադրբեջանի իրական մարտական պատրաստվածությունը: Մյուս կողմից սա չպետք է թուլացնի մեր զգոնությունը, քանի որ Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է առաջ շարժվել սեփական դիակների վրայով, միայն թե կորուստներ պատճառի հայկական կողմին, ու սահմանին լարվածությունը պահելով`շեղի հանրությանը սեփական արատավոր ներքին քաղաքականությունից: Իսկ վերջում էլ կարող է հայտարարել, թե իբր չի գնում լայնածավալ ռազմական գործողությունների, քանի որ «արյունահեղություն ու զոհեր» չի ուզում: Աստղիկ Խաչատրյան

No comments: