Friday, June 8, 2012

Քլինթոնի մեկ այցը հավասար է 4 հայ զոհի. Տիգրան Խզմալյան

HayNews.am. 7-6-2012- «Կարծում եմ այն, ինչ տեղի է ունենում, կարելի է մահաբեր դիվանագիտություն անվանել»,- նման բնորոշում տվեց «Սարդարապատ» շարժման անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ HayNews.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող արյունալի միջադեպերին: Ըստ Խզմալյանի` շփման գծում տեղի ունեցող գործողությունները քաղաքականության, դիվանագիտության հետևանք են. «Կարող ենք անգամ հաշվարկներ անել: Ակնհյատ է, որ վերջին շրջանում` վերջին 2-4 տարիների ընթացքում, երբ դիվանագիտության շրջանակում ակտիվություն է լինում, սահմանագծում լինում են կրակոցներ ու զոհեր: Կարող ենք ասել, որ Քլինթոնի մեկ այցը հավասար է 4 հայ զոհի ու ցավոք, սա կարող ենք օգտագործել որպես չափանիշ: Կարող ենք օրինակ բերել, որ Մեդվեդևի, Պուտինի այցերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական դիվանագիտական հանդիպումներին ևս հետևել են կրակոցներ ու մահեր»: Խզմալյանի խոսքով` հայկական կողմին շարունակ հորդորումն են զուսպ լինել ու շարունակել բանակցությունները, իսկ դրանք հիմնված են զիջումների վրա. «ԵՄ պատվիրակությունն, օրինակ, օրերս հայկական կողմին հորդորեց չպատասխանել ադրբեջանական դիվերսիաներին: Մենք մի եզրակացություն պետք է անենք: Եթե առկա սահմաններով տալիս ենք զոհեր և գյուղերում, և խրամատներում, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչ վտագն կարող է սպառնալ մեզ, եթե այդ զիջումների հետևանքով ռազմաճակատային գիծը եռապատկվի»: «Ոչ մի թիզ հող չպետք է զիջել»,- ամփոփեց Խզմալյանը:

No comments: