Sunday, June 10, 2012

Սեյրան Օհանյան. Խիստ ենք լինելու

«Լրագիր» 9-6-2012- Հունիսի 7-8-ը ՀՀ Տավուշի մարզ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ: Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել նաև սահմանամերձ գյուղերի բնակչության հետ: Ընդգծվել է, որ առաջնագծում տեղի ունեցած վերջին դեպքերը հերթական անգամ փաստեցին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցանկացած սադրանք անպատասխան չի մնում: Սեյրան Օհանյանը հավելել է, որ հակառակորդի ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից իրականացվելու են համապատասխան գործողություններ: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ուժերի հավասարակշռության, մեր զինծառայողների պատրաստվածության և մարտական բարձր ոգու շնորհիվ է, որ դիվերսիոն գործողություններ ձեռնարկած հակառակորդը, տալով կորուստներ, դիմել է փախուստի. «Մեր սահմանամերձ գյուղերի, խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացելու դեպքում դարձյալ խիստ ենք լինելու»,- ընդգծել է պաշտպանության նախարարը: Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է սահմանամերձ Ոսկևան գյուղի միջնակարգ դպրոցի բակում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը, որի ընթացքում Ոսկևանի մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով: ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև կայազորային հոսպիտալում գտնվող ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Շնորհակալության հայտնելով բարեխիղճ ծառայության, ցուցաբերած զգոնության և արիության, Հայրենիքի հանդեպ պարտքը արժանապատվորեն կատարելու համար` Սեյրան Օհանյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

No comments: