Sunday, June 10, 2012

Արա Պապյանն անհանգստացած է ԼՂ հակամարտությունը հարկադիր իրավարարությամբ լուծելու գաղափարից

Tert.am. 9-6-2012- Վերջերս՝ 2012թ. հունիսի 5-ին, ամերիկացի չորս փորձագետի մասնակցությամբ, Վաշինգտոնի «Վուդրո Վիլսոնի» անվան կենտրոնում տեղի է ունեցել քննարկում հետևյալ վերտառությամբ՝ «Լեռնային Ղարաբաղ. արդյո՞ք սառեցված հակամարտությունը կվերաճի տաքի» (Nagorno-Karabagh: Will the Frozen Conflict Turn Hot?): Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը և ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանի կողմից հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը Հայաստանի սահմանների վրա իրականացված դիվերսիոն հարձակումը տարօրինակորեն «զուգադիպել է» ամերիկացի փորձագետների նույն օրը կազմակերպած քննարկմանը: Իսկ քննարկման ժամանակ ար¬ծարծ¬ված գաղափարներից Պապյանն առանձնապես ուշագրավ է համարում Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի (American Foreign Policy Council) ավագ փորձագետ Վեյն Մերրիի (Wayne Merry) հնչեցրած այն միտքը, որը վերա¬բե¬րում է ԼՂ հակա¬մարտությունը հարկադիր իրավարարությամբ լուծելուն: Հղում անելով ամերիկյան լրատ¬վական գործակալություններին` Արա Պապյանը տեղեկացնում է, թե Վեյն Մերրին ասել է հետևյալը. «Միջնորդները չեն բանակցում. երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը, թույլ չեն տալիս, որ նրանց աշխատանքն արդյունք տա: Հիմա այս իրավի¬ճակում ժամանակն է միջնորդությունից անցնել հարկադիր իրավարարության» (“Mediators don't nego¬tiate: both sides – Azerbaijan and Armenia don’t let their job work. Now, in this case, it’s time to move from mediation to forceful arbitration”). Իր անհանգստությունն արտահայտելով «միջնորդությունից անցնել հարկադիր իրավարարության» ձևակերպման առնչությամբ` քաղաքագետ Պապյանն ընդգծում է այն փաստը, որ հնչած միտքն սկզբունքորեն տարբերվում է ԼՂ հակամարտության լուծմանը միտված մինչ այժմ արտահայտված մտքերից: «Եթե առ այսօր հիմնական սկզբունքն այն էր, որ հակամարտության կողմերը պիտի իրենք հանգեն փոխադարձաբար ընդունելի տարբերակի, իսկ միջնորդ երկրները, տվյալ դեպքում` Մինսկի խումբը պիտի նպաստի դրան և հանդիսանա պայմանավորվա¬ծու-թյունների կատարման երաշխավորը, ապա այս դեպքում առաջին անգամ հնչում է` հակամարտու¬թյունն առանց կողմերի համաձայնության, միգուցե, անգամ նրանց կամքին հակառակ լուծելու գաղափարը»: Ի՞նչ է ենթադրում նման գաղափարի արծարծումը. ըստ Արա Պապյանի` ցանկացած պարտադրանք, իսկ տվյալ դեպքում խոսքը պատերազմական գոտում հարկադիր իրավարարության կիրառման մասին է, պահանջելու է մեծաթիվ «խաղաղարարների» առկայություն» ղարաբաղյան շփման գծում. քաղաքագետը նկատում է, թե շատ երկրներ շահագրգռված կլինեն ԼՂ հակամարտության գոտում, այն էէ Իրանի հյուսիսային սահմանին, մեծաթիվ «խաղաղարարներ» տեղակայելու հարցում: Արա Պապյանը տեղեկացնում է, թե ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ավանդույթ կա, որ նախ փորձագիտական մակարդակով մտքեր են հնչեցվում, դրվում են շրջանառության մեջ, ապա որոշա¬կի հանգամանքներում, դրանք սկսում են կիրառվել գործնական քաղաքականության ոլորտում: Այսպիսով, եթե հաշվի առնենք այն փաստը, որ քաղաքագետի տեղեկացմամբ, Վեյն Մերրին ներկայացնում է մի կառույց՝ Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհուրդը, որը էական ազդեցություն ունի ԱՄՆ քաղաքականության մեջ՝ նոր մոտեցումների մշակման առումով, նաև այն, որ Վեյն Մերրին նախկին փոր¬ձառու դիվանագետ է՝ ԱՄՆ պետքարտուղարությունում և Պաշտ¬պանության նախարարությունում աշխատած, կնշանակի վերջինիս հնչեցրած գաղափարն ամենևին էլ ինքնանպատակ չի եղել: Սա էլ թույլ է տալիս Պապյանը հետևություն անել, որ հայկական կողմի համար Վեյն Մերրիի գաղափարն արժանի է ավելի հանգամանալից վերլուծության:

No comments: