Thursday, June 7, 2012

Պատերազմն արդեն ընթանում է

Եզրահանգումներ տիկնոջ այցից Միանգամից նշենք, որ դրանք մեր եզրահանգումները չեն, եւ նույնիսկ ոչ էլ հայ փորձագետների, այլ հենց իր՝ տիկնոջ եզրահանգումները, որոնք արվել են հետ-այցելության ռեժիմում: ԱՄՆ հեղինակությամբ բոլոր խնդիրները ճնշելու փորձը հայտնվեց ծիծաղելի իրավիճակում: Բացի հաճոյախոսություններից, տիկինն այդպես էլ ոչինչ չստացավ: Իր հերթին, Հարավային Կովկասն այդ այցից չստացավ ոչինչ, բացի բարյացակամության բնույթի երաշխավորագրերից: Միեւնույն ժամանակ, պարզվեց զգալիորեն ավելի կարեւոր հանգամանք՝ այն, որ ԱՄՆ այս տարածաշրջանում ի վիճակի է լուծել ոչ ավելին, քան ընդունակ է մի շարք այլ տարածաշրջաններում: ԱՄՆ ծավալում է գլոբալ անվտանգության՝ բովանդակությամբ եւ բնույթով լիովին այլ համակարգ, ինչը ենթադրում է տարածաշրջաններում մի շարք կարեւոր խնդիրների իրականացում: Սակայն տվյալ խնդիրների իրագործումը պահանջում է բավական օպերատիվություն: Հարավային Կովկասի բոլոր երեք միջազգայնորեն ճանաչված պետությունները եզրահանգել են, որ տվյալ այցն արդյունավետ ու կառուցողական էր, սակայն, իրականում տարածաշրջանում մեծացավ լարվածությունը: Ինչ ասես արժե Աբխազիայի ու Հարավային Օսիայի համար բարենպաստ վիզային ռեժիմ տրամադրելու առաջարկը: Դա պարզապես մանր սադրանք էր, որն ուղղված էր Ռուսաստանին նյարդայնացնելուն, եւ Վրաստանին որեւէ սպասելի պրեֆերենցիա չի տալիս: Ղարաբաղյան թեմայով նոր առաջարկների մշուշոտ ակնարկները նույնպես ուղղված են լարվածության մեծացմանը: Ինչ է նշանակում դիմակայության գոտում զսպվածության կոչը, երբ ԱՄՆ, ինչպես Ռուսաստանը եւ Իսրայելը, Ադրբեջանին համարում են ռազմավարական գործընկեր: Դա պարզապես ցինիզմ է, որը հասցվել է գերտերության եւ ժողովրդավարական աշխարհի առաջնորդի քաղաքականության կարգ: Նպատակներն ու խնդիրները լիովին հասկանալի են, այն է՝ ուժեղացնել լարվածությունը տարածաշրջանում, իրար հակադրել աշխարհքաղաքական գլխավոր խաղացողներին, ինչպես նաեւ առիթ ստեղծել արտաքին միջամտության համար: Զարմանալի է, որ այդ «քաղաքականության» նպատակը լիովին ընդունելի է հայկական ազգային շահերի համար, սակայն մի հանգամանք կա՝ եթե ԱՄՆ ներկայիս վարչակարգը հասկանում է, թե ինչ է անում: Ներկայում տարածաշրջաններում ԱՄՆ քաղաքականությունը բացակայում է որպես այդպիսին: Առկա են հնարավոր բոլոր մանիպուլյացիաներ, որոնք կողմնորոշված ու կապված են ԱՄՆ ներքաղաքական խնդիրների հետ: Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ մեծ տերություններն առաջ են քաշել վեհաշուք եւ հավակնոտ դոկտրիններ, իսկ իրականում հայտնվել են «կոտրած տաշտակի» առաջ կամ էլ ընդհանրապես կրել են ռազմական ու քաղաքական մասշտաբային պարտություն: Ամերիկյան պատմությունը նույնպես նման տխուր օրինակներ ունի: Օբամա-Քլինթոն կոչվող ներկայացման ավարտին վարվում է ոչ թե քաղաքականություն, այլ ընդամենը «կարկատան» է արվում: Ամերիկյան վարչակազմին ծաղրից բացի դա ոչնչի չի հասցնի: Վերջին օրերին ես փորձեցի հետեւել ԱՄՆ ԶԼՄ-ների եւ վերլուծական կայքերի մի քանի տասնյակ հրապարակումների, տարածաշրջան «տիկնոջ այցի» վերաբերյալ: Հնարավոր է, դեռ վաղ է հետեւել քաղաքական հրապարակումներին, սակայն տպավորություն է, որ ԱՄՆ-ում հստակ հասկացել են այդ այցի կատակերգական բնույթը: Ընդ որում, կարելի է նշել թե հանրապետական, թե դեմոկրատական ճամբարների վերլուծաբաններին, եւ պետք է նշել, որ հրապարակումների քննադատական բաղադրիչն ավելի առարկայական էր: Պետք է նշել, որ Հարավային Կովկասում ԱՄՆ եւ Ռուսաստանի շահերը մեծամասամբ համընկնում են, այսինքն՝ Ռուսաստանը նույնպես շահագրգռված է լարվածության ուժեղացմամբ եւ ռազմական բախումներով: Թուրքիան եւ Իրանը թերեւս բավական զգուշավոր հետեւում են ստեղծված իրավիճակին, սակայն նրանք ի վիճակի չեն ակտիվորեն միջամտել տարածաշրջանի գործընթացներին: ԱՄՆ կարծես թե հասնում է իր նպատակին՝ սեփական ներկայության եւ «երրորդ ուժի» դիրիժորության ուժեղացում, ինչը ենթադրում է թե Թուրքիայի, թե Ռուսաստանի արտաքին քաղաքական հավակնությունների զսպում: Հայկական շահերը ենթադրում են, նախեւառաջ, Թուրքիայի զսպումը, եւ այդ ուղղությամբ ԱՄՆ քաղաքականությունն ավելի արդյունավետ է: Սակայն, այսպես թե այնպես, ԱՄՆ ներկայիս վարչակազմի քաղաքականությունն արդեն տապալվել է աննախադեպ ձեւով: Ցավոք, հանրապետականները չկարողացան, կամ էլ չցանկացան լրջորեն ձեռնամուխ լինել իշխանությունը վերցնելուն, թերեւս նախընտրելով վերապրել վատագույն ժամանակը, ինչը նույնպես վկայում է ազգային մասշտաբով անազնվության մասին: Հնարավոր է, պետք է սպասել Ջեֆ Բուշի նախագահական հայտին: Ստիպված ենք վերապրել ամենատհաճը, ամերիկացիների հետ: Շուտով ԱՄՆ-ում կլինի նույնքան հայ, որքան Հայաստանում, կվերապրենք միասին: Ներկայում պետք է այլ բան՝ օգտվել չափազանց բարենպաստ պայմաններից եւ ռազմական պարտության մատնել Ադրբեջանին: Պատերազմն արդեն ընթանում է: Իգոր Մուրադյան

No comments: