Wednesday, June 6, 2012

Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքը չի հաշտվում ստատուս քվոյի հետ. քաղաքագետ

Tert.am. 6-6-2012- Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ինքը չի հաշտվում ստատուս քվոյի և քաղաքական իրականության հետ, որը որ կա ԼՂՀ կարգավորման հարցում: Tert.am-ի հետ զրույցում նման կերպ մեկնաբանեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Ադրբեջանը ամեն դիվերսիոն գործողությունների դիմում, երբ Հայաստան է այցելում որևէ բարձրաստիճան պաշտոնյա: «Մյուս կողմից այդ միջադեպերով փորձում է հաստատել, որ ռազմական սպառնալիքները իրական են, և դա քաղաքական բլեֆ չէ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Տավուշի մարզի Չնարի գյուղում տեղի ունեցած միջադեպի արդյունքում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում զոհվել էր 3 և վիրավորվել՝ 6 զինծառայող։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նման գործողությունների պատճառը պետք է որոնել վերջին շրջանի բանակցային գործընթացի տրամաբանության մեջ: «Այդ բանակցային գործընթացի տրամաբանությունը հետևյալն է՝ շանտաժի միջոցով բնակցություններից ստանալ առավելագույնը, այսինքն՝ ողջ Արցախը՝ այսօրվա իր տարածքով: Նրանք միջազգային հանրությանը ուզում են ցույց տալ, թե գիտեք ինչ, Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, բայց պատերազմի չի դիմում և չդիմելով արդեն իսկ մեծագույն զիջում է անում: Եվ պատերազմի չդիմելու դիմաց ինքը պետք է խաղաղ ճանապարհով ստանա այն, ինչ ուզում է»,-ասաց նա և ավելացրեց, որ մենք պետք է պատրաստ լինենք որ առաջիկայում ևս նման կարևոր այցերի ժամանակ Ադրբեջանը կրկին կդիմի նման սադրանքների: Անդրադառնալով Հիլարի Քլինթոնի այն հայտարարությանը, թե ինքը քննադատում է Ադրբեջանի նման պահվածքը և Ադրբեջանի այցի ժամանակ կխոսի սրա մասին, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այն համոզմունքը հայտնեց, թե հայկական կողմի ռազմական գործողություններն ավելի կարևոր, սթափեցնող դեր կխաղան, քան ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները: «Ընդհանրապես նման հայտարարությունները նշանակություն ունեն, բայց ոչ վճռորոշ»,-ասաց նա: Դավիթ Ջամալյանը նշեց, որ ինքը կարծում է, թե Ադրբեջանի երեկվա սադրանքը նպատակ ուներ ամերիկյան դիրքորոշումները ստուգել և տեսնել, թե արդյո՞ք շանտաժը կաշխատի: «Քլինթոնի արձագանքից տպավորություն ստեղծվեց, որ ոչ, չի աշխատի: Իրականում բոլորը գիտեն, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, որովհետև եթե նրանք պատրաստ լինեին, չէին սպասի այս կամ այն երկրի համաձայնությանը: Իսկ պատերազմին պատրաստ լինել նշանակում է արագ հաղթանակ տանել»,-ասաց նա և ավելացրեց, որ երեկ ադրբեջանցիները փորձեցին փոքր հաղթանակ տոնել, ինչը նրանց չհաջողվեց: Նույնը փորձեցին նաև այսօր, բայց շատ ավելի լուրջ կորուստներ ունեցան:

No comments: