Saturday, June 9, 2012

Ով է փակել Քոչարյանի ճանապարհը

«Լրագիր» 8-6-2012- Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհանգստացնում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը, ով թերահավատորեն է վերաբերում հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը: Պաշտոնաթողումից հետո Ռոբերտ Քոչարյանի կերպարը հաճախ է հակադրվում ԱՄՆ-ին, կամ ԱՄՆ-ին հաճախ են հակադրում Ռոբերտ Քոչարյանին: Նրան ներկայացնում են որպես Ռուսաստանի ֆավորիտ, եւ դրա համար հիմքերը թերեւս բավական շատ են, ու Քոչարյանն ինքը տվել է այդ հիմքերը լիուլի: Օրինակ, նա էր, որ Թեհրանում Ահմադինեժադի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի խնդիրների լուծման հարցում տարածաշրջանից դուրս գերտերությունների մասնակցությունը չի կարող լինել արդյունավետ: Բացի այդ, Քոչարյանն իր հետնախագահական ամբողջ շրջանում փորձում էր պտտել Պուտինի հետ անձնական ու գործնական մտերմության հանգամանքը: Բայց, արդյոք այդ ամենը բավարար է եզրակացնելու, որ Քոչարյանը Պուտինի ֆավորիտն է, իսկ Արեւմուտքն էլ վախենում է Քոչարյանի վերադարձից: Այդ տեսանկյունից, շատ հետաքրքրական կլինի վերհիշել 2006-07 թվականների իրավիճակը, եւ դրանից էլ մի փոքր առաջ՝ 2005 թվականը: 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը գնաց Արեւմուտքի հետ հարաբերության արդյունք հանդիսացող սահմանադրական փոփոխության: Այն ժամանակ, մշտապես պրոռուսական դաշտում գործող Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի գլխավորած ընդդիմությունը դեմ հանդես եկավ այդ փոփոխությանը, սակայն Արեւմուտքի աջակցությամբ, գրեթե դատարկ ընտրատեղամասերի պայմաններում, Քոչարյանը այդուհանդերձ ցույց տվեց ակտիվ մասնակցություն եւ “այո” Սահմանադրության փոփոխությանը: Դրանով որոշակիորեն ուժեղացվում էր Ազգային Ժողովի ու վարչապետի դերը, թեեւ իհարկե Հայաստանը դեռ շարունակում էր մնալ կիսանախագահական հանրապետություն: Ավելի ճիշտ, Հայաստանն ընդամենը ավելի էր մոտենում կիսանախագահական հանրապետությանը, որովհետեւ նոր Սահմանադրության մոդելի պարագայում, եթե վարչապետը լինի ուժեղ քաղաքական ֆիգուր, Հայաստանում կարող է իրապես լինել իշխանության հակակշռի եթե ոչ լիարժեք, ապա ինչ որ չափով աշխատող մեխանիզմ: 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը ձեռնամուխ եղավ Սահմանադրության փոփոխության շարունակությանը, ակտիվացնելով բոլորին անհայտ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ու այն հանձնելով իր մերձավոր օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հովանավորությանը: Զուգահեռ, սկսեց ներքին կյանքի վերաբերյալ գրեթե ծրագրային ելույթներ ունենալ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով ներդրեց երկրորդ սերնդի բարեփոխումների գաղափարն ու հայտարարեց, որ այդ բարեփոխումները ցավոտ պետք է լինեն էլիտայի համար, բայց անհրաժեշտ են պետությանն ու հասարակությանը: Բարգավաճ Հայաստանը սկսեց մատուցվել որպես ՀՀԿ բյուրոկրատական իշխանության այլընտրանք, որը լինելու է առավել ժողովրդական, առավել արդար: ԲՀԿ-ն հռչակեց ամենաբազմամարդ լինելու մասին՝ մոտ 400 հազար մարդ: ԲՀԿ-ն գնում էր դեպի ԱԺ մեծամասնություն, ինչն էլ Ռոբերտ Քոչարյանին թերեւս տանելու էր դեպի վարչապետի պաշտոն, այդպիսով նախագահի երկժամկետ կառավարումից հետո նրան հնարավորություն տալով հեռանալ ժողովրդավարի, բայց նաեւ մնալ իշխանության գլուխ՝ փոփոխված Սահմանադրությամբ ԱԺ մեծամասնության եւ վարչապետի պաշտոնի միջոցով, իսկ 2008 թվականի նախագահի ընտրությանն էլ առաջադրելով Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Հայկական միջավայրում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ ԲՀԿ-ն արեւմտյան նախագիծ է, ինչի վկայություն էր հանդիսանում արեւմտյան գործչի վարկով հանդես եկող Վարդան Օսկանյանի պարագան, ինչպես նաեւ ընդհանրապես 2005 թվականին Արեւմուտքի նախաձեռնությամբ սկսված սահմանադրական փոփոխության գործընթացի շղթայի մաս լինելը: Բայց, դեռեւս մի քանի ելույթից հետո Վարդան Օսկանյանը հանկարծ լռեց, այլեւս չխոսելով ներքին բարեփոխումների մասին: Խորհրդարանի մայիսի 12-ի ընտրությանն էլ օրվա առաջին կեսին բառի բուն իմաստով կռիվ տալով ՀՀԿ դեմ, երկրորդ կեսին եւ հատկապես գիշերը ԲՀԿ-ն հանձնվեց, իսկ առավոտյան պարզվեց, որ 400 հազար անդամ ունեցող կուսակցությունը ստացել է ընդամենը 200 հազար ձայն: Ռոբերտ Քոչարյանը գնաց ՀՀԿ գրասենյակ Սերժ Սարգսյանին շնորհավորելու: Վարչապետ մնալու տարբերակը չաշխատեց: Քոչարյանն ընդհանրապես լուրջ ծուղակում հայտնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո, երբ ստիպված եղավ որպես գործող նախագահ իր վրա վերցնել կրակից Սերժ Սարգսյանի համար շագանակներ հանելու պատրաստակամությունը: Ներկայում, գրեթե ակնհայտ է, որ եթե չլիներ Տեր-Պետրոսյանը, եթե չլիներ Մարտի 1-ի ողբերգությունը, Ռոբերտ Քոչարյանը կարող էր լինել իսկապես պահանջված առաջնորդ, հատկապես երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր կացության եւ Ղարաբաղի հարցում բավական լարված իրավիճակի պայմաններում: Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հեռանկարը իրականում չեզոքացրեց ոչ թե Արեւմուտքը, այլ հենց Ռուսաստանը՝ 2007-ին ապահովելով ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակը, իսկ 2008-ին էլ Քոչարյանին ստիպելով շագանակներ հանել կրակից, բայց Սերժ Սարգսյանի համար: Սերժ Սարգսյանն էլ գնաց Մոսկվա ու Պուտինին շնորհակալություն հայտնեց աջակցության համար: Դրանից հետո, Արեւմուտքին այլ բան չէր մնում, քան փորձել իր հովանու տակ վերցնել Սերժ Սարգսյանին, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի վրա տվյալ պահին խաղադրույք կատարելն անիմաստ էր, իսկ Տեր-Պետրոսյանին էլ Ռուսաստանից փախցնելը թանկ կարժենար, քանի որ նրա հանրային լեգիտիմությունը, հետեւաբար նաեւ քաղաքական արժեքը չափազանց բարձր էր: Ավելի քիչ էր պահանջվում «վճարել» Սերժ Սարգսյանի համար, ով հանուն գոնե արտաքին լեգիտիմության պատրաստ էր շատ բանի, առավել եւս այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանի ներսում փաստացի ինքն էլ կարծես թե խճճվեց իր սկսած բարդ խաղի մեջ: Ռոբերտ Քոչարյանն ըստ երեւույթին համարել է, որ այդ ամբողջի մեջ Արեւմուտքը պարզապես խաբել է իրեն եւ չի ապահովել իր համար վարչապետի պաշտոնը: Ըստ ամենայնի, դրանով էլ պայմանավորված է նախագահությունից հետո Քոչարյանի ընդգծված հակաարեւմտյան եւ պրոռուսական կամ պրոպուտինյան պահվածքը: Սակայն, փորձը ցույց է տվել, որ իշխանության հարցում Քոչարյանն այդուհանդերձ պրագմատիկ է եւ դառնում է ավելի ու ավելի այդպիսին, եւ պատրաստ է քննարկել ու անգամ ձեռնամուխ լինել արեւմտյան տարբերակներին: Կասկած չկա, որ դրան պատրաստ է նաեւ Արեւմուտքը, եւ Արեւմուտքը ավելի շատ ոչ թե վախենում է Քոչարյանի վերադարձից, այլ առայժմ պարզապես Սերժ Սարգսյանը չի տալիս դրա մասին մտածելու առիթ: Իսկ Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը փակ է պահում առաջին հերթին Ռուսաստանը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը վերստին առաջադրվել էր որպես Սիստեմա ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ինչով Մոսկվան իրականում հետ է պահում Քոչարյանին քաղաքականությունից: Այլապես, հազիվ թե Մոսկվան լինի այդչափ միամիտ կամ չհասկանա, ու Հայաստանի երկրորդ նախագահին պահի բիզնեսի հարթակում, այն դեպքում, երբ բոլորի համար պարզ է Հայաստանում բիզնեսի եւ քաղաքականության տարանջատմանը միտված թեկուզ շատ դանդաղ, բայց ակնհայտ մեծ եւ անշրջելի գործընթացը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: