Thursday, June 7, 2012

ԼՂ հակամարտության` վերահսկողությունից դուրս գալու վտանգ կա. Crisis Group

Tert.am. 7-6-2012- Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը մեկնաբանել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երևան և Բաքում և այն դրական գնահատել. տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը: «Շատ դրական է, որ Հիլարի Քլինթոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսեց Հարավային Կովկասի բոլոր այն երեք պետություններում, որտեղ եղավ իր այցի շրջանակներում»,- ասել է Ֆրեյզերը: Նա հիշեցրել է, որ Քլինթոնի այցը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական զինված բախումների ընթացքում, որոնց ընթացքում հայկական կողմից զոհվեց երեք, իսկ Ադրբեջանից` հինգ զինվոր: Իրավիճակը սահմանին Ֆրեյզերը «շատ սուր» է որակել: «Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հույսերը, որ առկա էին հատկապես մինչև 2011 թ-ի Կազանյան հանդիպմանը, չարդարացան և հրադադարի խախտման դեպքերը ավելանում են: Մեծ վտանգ կա, որ հակամարտությունը դուրս կգա վերահսկողությունից, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կսկսեն կրակել` նպատակ ունենալով վրեժ լուծել յուրաքանչյուր կորստի համար: Սակայն եթե դա տեղի ունենա, կողմերին դժվար կլինի հետ բերել անդունդի եզրից կամ հաղթել պատերազմում»,- ասել է նա: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը ավելի կարևոր դեր կխաղա խնդրի կարգավորման հարցում: Անդրադառնալով Հիլարի Քլինթոնի` Բավում կատարած հայտարարությանը, թե ինքը կողմերին խոստացել է աջակցել հակամարտության խաղաղ լուծմանը և սահմանին ողբերգական իրավիճակների դադարեցմանը, Ֆրեյզերն ասել է. «Սա առաջին դեպքն է, երբ պետքարտուղարը հրապարակավ հայտարարում է, որ մտադիր է մասնակցություն ունենալ խաղաղության հաստատման փնտրտուքներին: Դա շատ դրական հայտարարություն էր»: Ֆրեյզերն ասել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է իրենք խաղաղության հաստատում ցանկանան, քանի որ դա չի կարող կյանքի կոչվել ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ Ռուսաստանի կողմից: «Վերջին օրերին սահմանին գրանցված մահվան դեպքերը չպետք է նոր կորուստների սկիզբ դառնան: Դրանք պարզ ցույց են տալիս, որ զինված հակամարտության վերսկսումը երկու կողմերի համար էլ լուրջ կորուստների կհանգեցնի: Չի կարելի դա սկսել` հեշտ և արագ հաղթանակի հույս ունենալով: Եթե զինված բախումները սկսվեն, հավանական է, որ դրանք երկար կտևեն և ընդարձակ տարածք կընդգրկեն: Անգամ Վրաստանում են զգում, որ պատերազմի դեպքում վնաս կկրեն նաև նրանք»,- ասել է նա: «Լրագիր» 7-6-2012-

No comments: