«Լրագիր» 11-7-2012- Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարում է, որ միասնական թեկնածուի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել համակարգային իշխանափոխությունը: Միասնական թեկնածուի մոգական ազդեցությանը հավատում է նաեւ Հայ ազգային կոնգրեսը: Բարգավաճ Հայաստանն առայժմ չի արտահայտվել: Լռում է նաեւ Ժառանգությունը: Սակայն, ընդհանրապես որեւէ կերպ նախագահի ընտրությանը տարած հաղթանակով համակարգային իշխանափոխություն անելու տարբերակը բավական հետաքրքրական է: Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն: Այդպես է ստացվել խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքով, որն, ի դեպ, ընդունել են բոլոր կուսակցությունները, որ գնացել են խորհրդարան: Հիմա, ենթադրենք մի պահ, որ նախագահի ընտրությանը հաղթում է ընդդիմությունը՝ որեւէ առանձին կամ միասնական թեկնածու: Ինչ է լինում հետո, երբ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն, իսկ նախագահն էլ ունի ԱԺ-ն ցրելու սահմանափակ լիազորություններ: Ինչպես է նոր ընտրված նախագահը հարաբերվելու ՀՀԿ-ՕԵԿ-ական բացարձակ մեծամասնության հետ, եթե 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի միջոցով ներկայում ընդլայնվել է ԱԺ դերը պետական կառավարման համակարգում: Փաստացի ստացվում է, որ 2005 թվականի սահմանադրական փոփոխության շնորհիվ իշխանությունը կամա թե ակամա որոշակիորեն ամրացրել է կառավարման համակարգը եւ դիմադրունակություն ապահովել ընդդիմության հանդեպ: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրությունները տարբեր պատճառներով իշխանությանն ավելի հեշտ են տրվում, քան նախագահականը: Եվ հետեւաբար, խորհրդարանականների ընթացքում ապահովելով բացարձակ մեծամասնություն, իշխանությունը նախագահականի պարագայում, ծայրահեղ դեպքի համար, իրեն փաստացի նահանջի տեղ է ապահովում: Եվ այստեղ արդեն ընդդիմությանը կամ ընդդիմություններին մնում է նախագահի ընտրությանը հաղթելուց հետո հույսը դնել այսպես ասած առնետավազքի վրա, որ իշխող մեծամասնությունը մեկ գիշերում կամ նույնիսկ մեկ ժամում կդավաճանի Սերժ Սարգսյանին եւ կանցնի նախագահի հաղթող թեկնածուի կողմը: Մինչդեռ, ենթադրենք Սերժ Սարգսյանը հեռացավ, բայց չէ որ եթե դրվում է համակարգային իշխանափոխության խնդիր, ուրեմն պետք է նրան հավասար հեռանա նաեւ ԱԺ-ի մնացյալ ամբողջ մեծամասնությունը, որի յուրաքանչյուր անդամ թե Սերժ Սարգսյան է, թե որոշ դեպքերում անգամ նրանից էլ վատ: Հետեւաբար, եթե համակարգային իշխանափոխություն, ուրեմն խորհրդարանական մեծամասնությունը ոչ թե կհեռանա, այլ մինչեւ վերջ կպայքարի ինքնապահպանության համար եւ պայքար կմղի նոր նախագահի դեմ՝ առավել եւս, որ Սահմանադրությունը ներկայում տալիս է դրա արդյունավետ իրականացման հնարավորություն, կամ էլ առնետավազքի կդիմի, ինչը նշանակում է, որ ոչ մի համակարգային փոփոխություն էլ չի լինի, որովհետեւ ոչ մի “առնետ” հենց այնպես չի վազի եւ կպահանջի երաշխիքներ: Իսկ ինչ է նշանակում երաշխիքներ տալ տարիներ շարունակ հակասահմանադրական համակարգի մեջ սնվող խմբերին կամ անձանց: Դա նշանակում է նրանց տալ այդ կերուխումը շարունակելու երաշխիքներ, պարզապես գուցե նոր փաթեթավորումով: Ասել, թե նրանց անձեռնմխելիության, սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք կտրվի օրինական դաշտ գալու դիմաց, թերեւս միամտություն է, որովետեւ Սերժ Սարգսյանն ինքն էլ ամենեւին դեմ չի լինի այդ կոնտինգենտը բերել օրինական դաշտ եւ անձամբ էլ դրա շնորհիվ շարունակել նախագահել որպես Սահմանադրական կարգ հաստատած նախագահ: Բանն էլ հենց այն է, որ Սահմանադրությունը այդ կոնտինգենտի համար նույնն է, ինչ լույսը չլվացված ֆոտոժապավենի համար: Իսկ դա էլ նշանակում է, որ նոր նախագահի դեպքում ոչ թե համակարգային, այլ ավելի շատ փաթեթավորման իշխանափոխություն կարող է տեղի ունենալ: Հետեւաբար, նոր նախագահը Հայաստանում չունի այլ ելք, քան ընտրվելուց հետո բոլոր դեպքերում իրականացնել հեղափոխություն, որովհետեւ ներկայիս Սահմանադրությունը նոր նախագահին կարծես թե չի տալիս այլ ճանապարհով իշխանությունն իրապես ձեռք բերելու հնարավորություն՝ եթե նպատակը համակարգային իշխանափոխությունն է: Կամ էլ նոր նախագահը ստիպված պետք է լինի սպասել, մինչեւ 2017 թվականի խորհրդարանի ընտրություն: Հետեւաբար, հարկավոր է հասարակության հետ ազնիվ լինել եւ խուսափել պաթետիկ հայտարարություններից, որպեսզի հասարակությունը որեւէ խաղի մասնակցի գիտակցված: Այլ հարց է իհարկե, թե որքանով է իրական հասարակությանը խաղի մեջ ներգրավելու քաղաքական շահագրգռությունը Հայաստանի քաղաքական դաշտի տարբեր սուբյեկտների մոտ: Իսկ խնդիրն այն է, որ եթե հանրությունը գիտակցված չներգրավվի այդ խաղի մեջ, ապա այլընտրանքը կամ հիասթափությունն է լինելու, կամ էլ պարզապես հանրության խաղից դուրս մնալը, եւ դաշտում կրկին մնալու են առնետներն իրենց վազքով: Իսկ Հայաստանը ներկայում աղբի մեջ է հենց այն պատճառով, որ արդեն քսան տարի է երկրում միակ հաստատուն եւ շարունակական գործընթացը “առնետների” մարաթոնն է: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Thursday, July 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment