Wednesday, July 18, 2012

Լիբերալիզմն ավելի լավ աշխարհի ուղին է. Վրացի քաղաքական գործիչը հայ եւ ադրբեջանցի լիբերալների հետ հանդիպման արդյունքների մասին

News.am. 17-7-2012- Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 13-15-ը տեղի է ունեցել «Աջակցություն ազատությանը, խաղաղությանը եւ բարգավաճմանը Կովկասում» կոնֆերանսը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի լիբերալիստական կուսակցությունների ներկայացուցիչներ`համապատասխանաբար, ՀՀՇ, Վրաստանի հանրապետական կուսակցություն, «Մուսավաթ» կուսակցություն: Միջոցառման շրջանակում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի երկրներում մարդու իրավունքների իրավիճակը, ներքաղաքական պատկերը, լիբերալ-դեմոկրատական ինստիտուտների զարգացման միտումները, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եվրաինտեգրման հարցեր, «Արեւելյան գործընկերության» շրջանակում հեռանկարները եւ այլ հարցեր: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Վրաստանի հանրապետական կուսակցության անդամ Իվլիան Խաինդրավան, հանդիպումներն անց են կացվել «նախագահող + 2» ձեւաչափով: Հայկական կողմը ներկայացրել են ՀՀՇ-ի կառավարման նախագահ Արամ Մանուկյանը, փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, ՀԱԿ-ի անդամ Վահագն Խաչատրյանը: Ադրբեջանական կողմը ներկայացրել են «Մուսավաթի» առաջնորդ Իսա Գամբարը, բանտից վերջերս ազատված Արիֆ Գաջիլին, ինչպես նաեւ Turan լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիեւը: Վրացական կողմը ներկայացրել են Վրաստանի հանրապետական կուսակցության նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, Իվլիան Խաինդրավան եւ Գեորգի Մասալկինը: «2 տարի առաջ Պոտսդամում կայացած Հարավային Կովկասի լիբերալների առաջին հանդիպումը պսակվել էր Պոտսդամյան հռչակագրով, որտեղ նշվել էին այդ կուսակցությունների ընդհանուր դիրքորոշումները: Հուլիսի 13-15-ի կոնֆերանսին քննարկվել են խոսքի ազատության, լրատվամիջոցների, մեր երկրներում ընտրական եւ մրցակցային դաշտին վերաբերող հարցեր: Ընդհանուր առմամբ խոսելու բան կար», - նշել է Խաինդրավան: Վրացի քաղաքական գործիչը նշել է, որ կոնֆերանսի մասնակիցները բացահայտ վիճահարույց հարցեր չեն քննարկել: Կոնֆերանսը մի քանի մասերով է ընթացել, որից վերջինի ժամանակ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչները դիտարկել են հնարավոր համագործակցության տարբերակները: Պատասխանելով այն հարցին, թե որքան արդյունավետ կարող են լինել նման հանդիպումները, մանավանդ եթե հաշվի առնենք, որ «հարավկովկասյան» եւ ընդհանրապես լիբերալիզմը խիստ տարբերվում է զարգացող երկրների լեբերալիզմից, Իվլիան Խաինդրավան նշել է. «Այո, դա այդպես է: Հարավային Կովկասում լիբերալ լինելը բավականին դժվար է: Սակայն ով ինչ ուզում է ասի, զարգացած երկրների քաղաքական համակարգը կառուցված է լիբերալ-դեմոկրատական արժեքների հիման վրա, ընդ որում կարեւոր չէ, թե ով է կանգնած իշխանության գլուխ` քրիստոնեա-դեմոկրատները, պահպանողականները, հանրապետականները… Լիբերալիզմը ավելի լավ աշխարհի ուղին է, եւ դա է նպատակը»,-ամփոփել է վրացի քաղաքական գործիչը:

No comments: