Wednesday, July 18, 2012

ԵԽ անդամ Թեոխարոսը ԼՂ այցելությունը ուխտագնացություն է որակել

Panorama.am.17-7-2012- Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում հյուրընկալել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակությանը: Վերջինս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերով, հուլիսի 18-21-ը դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ նախագահի ընտրություններում: Նշենք, որ պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարոսը, ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի եւ Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը, այլք: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ ողջունելով հյուրերին Է.Շարմազանովը նշել է, որ եվրոպական արժեքների ամրապնդումն ու եվրաինտեգրման խորացումը Հայաստանի առաջնահերթություններից են: Հատկանշական համարելով Հայաստանի եվրոպացի բարեկամների այցը այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները, Է.Շարմազանովը վստահություն է հայտնել, որ հյուրերը, այցելելով Ղարաբաղ, իրենք կհամոզվեն, թե ժողովրդավարական արժեքները որքան առաջընթաց են ապրել և որ այստեղ վճռական են հենց այս հիմքի վրա կայացնելու անկախ հանրապետությունը: ԱԺ փոխնախագահը կարևորել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մարդասիրական աջակցությունը` նշելով, որ այն բարձր է գնահատվում թե Հայաստանում, թե Արցախում: Իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Էլենի Թեոխարոսը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում առկա են եվրոպական արժեքները, և որ այստեղ հետամուտ են դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը. «Ես ուրախ կլինեմ եվրոպացիներին հաղորդելու այն առաջընթացի մասին, որն արձանագրել է Ձեր երկիրը ոչ միայն ժողովրդավարության կայացման, այլև այն բարելավելու ուղղությամբ: Ներկայում իմ երկիրը` Կիպրոսը, նախագահում է Եվրամիությունում, և հավաստիացնում եմ, որ հնարավոր ամեն ինչ կանենք` աջակցելու Հայաստանին բոլոր ուղղություններում»,- մասնավորապես նշել է տիկին Թեոխարոսը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ իրենց այցելությանը , ապա դա տիկին Թեոխարոսը որակել է որպես ուխտագնացություն` նշելով, որ ամենաազատ ոգին ինքը 15 տարի առաջ տեսել է հենց Ստեփանակերտում: Նա հավաստիացրել է, որ հայկական կողմը կարող է ապավինել բոլոր այն եվրոպական ուժերին, որոնք հետամուտ են հակամարտությունների, մասնավորապես ԼՂ հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծմանը: «Հայաստանում համոզված են` Կիպրոսի նախագահությունը ԵՄ-ում շատ արդյունավետ կլինի, անկախ նրանից, որ թուրք շատ գործիչներ այդ առումով տարբեր հակասական հայտարարություններով են հանդես գալիս»,- նշել է Է.Շարմազանովը` նշելով, որ Հայաստանը կողմնակից է միացյալ Կիպրոսին: Նաև համոզմունք է հայտնել, որ 21-րդ դարում ուժի դիրքերից խոսելը, պատեր շարելը, նախապայմաններ առաջադրելը եվրոպական արժեքների հետ որևէ աղերս չունի. «Խոսքն առնչվում է թե Թուրքիային, թե Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետությունը և ՀՀԿ-ն` որպես իշխող և ԵԺԿ անդամ կուսակցություն, գտնում են, որ հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներում և ոչ թե ուժի դիրքերից : Մեզ համար շատ կարևոր է, որ այս այցն իրականացնում են եվրոպացի մեր բարեկամները, ինչը շատ կարևոր է թե Հայաստանի Հանրապետության, թե ԼՂՀ քաղաքացիների համար »,-ասել է Էդուարդ Շարմազանովը ու հավաստիացրել, որ այդպես են կարծում նաև Լեռնային Ղարաբաղում և որ այցելելով ԼՂ եվրոպացի գործիչներն անձամբ կհամոզվեն` Ղարաբաղի բնակչությունն իրոք իրական ժողովրդավարություն է կառուցում. «Եվ հետադարձ չկա»,-շեշտել է ԱԺ փոխնախագահը: Հանդիպմանը ներկա ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի և Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան էլ հավաստիացրել է, որ իրենց այս այցի արդյունքում եվրոպական շատ գործիչներ ու լրատվամիջոցներ կտեղեկանան այն իրականության մասին, որ այսօր տիրում է իր անկախությունը կերտող Լեռնային Ղարաբաղում:

No comments: