Thursday, July 19, 2012

Ղարաբաղի ճանաչումը

1in.am. 19-7-2012- Այսօր Լեռնային Ղարաբաղում կկայանան նախագահական հերթական ընտրությունները: Ղարաբաղյան ընտրություններին հետևելու է մոտ 80 դիտորդ արտասահմանյան տարբեր երկրներից, ինչպես նաև մի քանի տասնյակ լրագրող Հայաստանից և արտասահմանից: Ղարաբաղի նախագահի ներկայիս ընտրությունը շատ կարևոր է նախևառաջ իր որակով: Էական չէ, թե երեք թեկնածուներից հատկապես ով կընտրվի նախագահ, այլ էական է, թե ինչպես կընտրվի այդ նախագահը: Իսկ այստեղ կան լուրջ խնդիրներ ու մարտահրավերներ, քանի որ արդեն երկրորդ տարին անընդմեջ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները իրենց զեկույցներում Ղարաբաղը գնահատում են ոչ ազատ հանրապետություն` հավասարեցնելով այն Ադրբեջանի հետ: Եվ սրանում դեր է խաղում անկասկած այն, որ Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին գրեթե վերացել է հասարակական-քաղաքական ակտիվ կյանքը, բանավեճը, քաղաքական մրցակցությունը, չկար ընդդիմություն: Ներկայիս նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում այդ ամենը կար, և այստեղ շատ կարևոր է, որ այսօր պահպանվի այդ բազմակարծության մթնոլորտը, և այն շարունակվի նաև հետագայում, որովհետև այստեղ Ղարաբաղի միջազգային վարկանիշի խնդիրն է դրված սեղանին: Իսկ այդ խնդրից էլ կախված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման խնդրի լուծումը: Այդ ճանաչում ասվածն ի վերջո պետք չէ միայն ընկալել դե յուրե: Իհարկե, դա մեր բոլորիս կարևոր նպատակն է, և այդ դե յուրե ընկալումն է, որ մինչև վերջ կբավարարի հայությանը: Սակայն խնդիրը ճանաչումն է նաև բառիս բուն իմաստով, այսինքն` այն իմաստով, թե աշխարհում ինչպես կճանաչեն Ղարաբաղը: Եվ այս տեսանկյունից, նախագահական ընտրությունները նաև Ղարաբաղի գովազդն են աշխարհում, հետևաբար` աշխարհում այն ընկալելի և «իրացվելի» լինելու համար պետք է համապատասխանի համաշխարհային չափանիշներին` թե՛ փաթեթավորման, թե՛ բովանդակության առումով: Միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի վարկանիշն ու ստացած հեղինակավոր բնութագրերն են, որ ամրացնելու են հայկական կողմի բանակցային դիրքերը ղարաբաղյան գործընթացում: Եվ այս առումով այսօր Արցախի ժողովուրդը շատ կարևոր քայլ է կատարելու, որում անձերը դառնում են երկրորդական, և գլխավորը դառնում են ազատություն, արդարություն, օրինականություն հասկացությունները:

No comments: