Thursday, July 19, 2012

Թուրքիան ստեղծելու է անօդաչու հարվածային ինքնաթիռ

1in.am. 19-7-2012- Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիան որոշել է ստեղծել Anka անօդաչու հետախուզական ինքնաթիռի զինված տարբերակը: Անօդաչու թռչող սարքի հետախուզական ու հարվածային տարբերակների մշակմամբ զբաղվելու է Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը: Սեփական հարվածային անօդաչու ինքնաթիռն ունենալուն Թուրքիային դրդել է այն, որ ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է Թուրքիային վաճառել 4 հատ MQ-1 Predator և երկու հատ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր: Թուրք զինվորականները մտադիր են այդ հարվածային-հետախուզական անօդաչու ինքնաթիռները գործածել գերազանցապես երկրի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում՝ երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարում: Դեռևս հայտնի չէ Anka-ի հարվածային տարբերակի ստեղծման ժամկետը, ինչպես նաև այդ նախագծի արժեքը: Ապրիլին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատվիրել էր 10 հատ Anka հետախուզական անօդաչու ինքնաթիռ: Դրանց մարտական փորձարկումներն իրականացվել են այս տարվա հունիսին, իսկ առաջին թռիչքն Anka-ն իրականացրել է 2011 թվականի սկզբին: Anka-ի թևերի բացվածքը կազմում է 17.3 մետր, առավելագույն թռիչքային քաշը՝ 1.5 տոննա, օգտակար բեռնվածությունը՝ մինչև 250 կիլոգրամ: Anka-ն ի վիճակի է օդ բարձրանալ մինչև 9.1 կիլոմետր և օդում գտնվել 24 ժամ շարունակ:

No comments: