Saturday, July 7, 2012

Հարսնաքարից Սելիգեր

«Լրագիր» 7-7-2012- Կենտրոն հեռուստաընկերության լրատվական ծրագիրը ռեպորտաժ էր ցուցադրում, թե ինչպես է Բարգավաճ Հայաստանի երիտթեւը երիտասարդ կուսակցականների հերթական խումբը ճանապահում Ռուսաստան՝ Սելիգեր, որտեղ տեղի է ունենում Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդների ամենամյա հավաքը: Կենտրոնն արդեն հերթական ռեպորտաժն է տալիս երիտասարդներին Սելիգեր ճանապարհելու վերաբերյալ: Նրանց մեկնումը բնականաբար հովանավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մեկնողները ասում են, որ գնում են փորձի փոխանակման, Հայաստան նոր գաղափարներ բերելու: Այդ ընթացքում, Հայաստանի մի քանի տասնյակ կամ հարյուր երիտասարդներ՝ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերից, տարբեր քաղաքացիական նախաձեռնություններից, տարբեր մասնագիտության տեր, տարբեր քաղաքական ու գաղափարական հայացքների կրող, Հարսնաքարի ողբերգական միջադեպից հետո հավաքվել են եւ փորձում են համակարգված պայքար սկսել Հայաստանի իշխանության պատվանդանը հանդիսացող եւ իրեն օրենքից ու Սահմանադրությունից դուրս դրած օլիգարխիկ համակարգի դեմ: Այդ երիտասարդները ոչ թե փորձում են Սելիգեր կամ չգիտես ուր մեկնել Հայաստան նոր “գաղափարներ” բերելու, այլ Հայաստանում պայքարում են շատ պարզ ու մարդկային գաղափարները կյանքի կոչելու համար՝ Սահմանադրություն, օրենք, իրավունք, ազատություն, հավասարություն, արդարություն եւ արդարադատություն: Կա արդյոք այդ երիտասարդների կողքին որեւէ ԲՀԿ-ական երիտասարդ, թե նրանք սպասում են Սելիգերի իրենց հերթին, որ Հայաստան բերեն մի նոր, մինչ այժմ չտեսնված ու չլսված մի գաղափար: Ի դեպ, նախորդ տարի օրինակ ԲՀԿ-ական երիտասարդները Սելիգեր էին մեկնել ոչ թե գաղափարի, այլ Պուտինի հետեւից: Երբ Պուտինը մեկնել էր Սելիգեր երիտասարդների հետ հանդիպման, երիտասարդ ԲՀԿ-ական աղջիկը նույնիսկ կարողացավ հրավերը հնչեցնել հեռուստաէկրանից, Պուտինին հրավիրելով գալ Ծաղկաձոր եւ մասնակցել ԱՊՀ երիտասարդական հավաքին, որ հովանավորում էր Գագիկ Ծառուկյանը: Պուտինը չեկավ, ու մնում է թերեւս բերել գոնե որեւէ գաղափար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: