Saturday, July 7, 2012

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքներ չկան. Աժուբալիս

Tert.am. 7-7-2012- Անցած տարի ԵԱՀԿ-ն նախագահող Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հարցազրույց է տվել «ԱզերԹաջ»-ին, որում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միմիայն խաղաղ ճանապարհով։ «Հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքային տարբերակներ գոյություն չունեն: Ուժի կիրառումը, ինչպես նաև՝ ստատուս քվոն, չեն նպաստում երկարաձված հակամարտության կարգավորմանը»,– ասել է նա: Ադրբեջանական կողմից հրադադարի վերջին խախտումների առիթով նա ասել է. «Այդ միջադեպերը ընդգծում են մրջադեպերի հետաքննման մեխանիզմի կարևորությունը, ինչպես առաջարկել էր ԵԱՀԿ-ն: Հասարակ գործնական քայլերը, ինչպես դիպուկահարների դուրսբերումը շփման գոտում և միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմի վերականգնումը, կհանգեցնեն հարաբերություններում լարվածության զգալի նվազմանը»: Նախարարն ընդգծել է, որ անցած տարի Լիտվայում կանխվել էր Լեռնային Ղարաբաղում անկայուն իրավիճակի սրացումը, երբ դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում Նախարարների խորհուրդը, Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարները, համանախագահ-երկրների ներկայացուցիչները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվածություն էին ձեռքբերել շարունակել բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափում:

No comments: