Thursday, July 19, 2012

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրիայում տեղի ունեցող բախումները օրակարգային են դարձրել տեղի բազմահազարանոց հայ համայնքի
անվտանգության հարցը: Միաժամանակ նոր նշանակություն է ձեռք բերել համայն հայ ժողովրդի հայրենահավաքության և մասնավորապես արտերկրի տարբեր գաղթօջախներից հայրենադարձության խնդիրը: Անկախության վերանվաճումից հետո սպասելի էր, որ հայրենի կառավարությունը տարբեր երկրներում հանգրվանած մեր հայրենակիցներին պետք է գրկաբաց հրավիրեր մասնակցելու ազգային պետության շինարարությանը, բարգավաճմանը և պաշտպանությանը: Սակայն հայրենադարձության ինքնաբուխ առաջին փորձերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը հայրենադարձության ծրագիր չունի, դրանում շահագրգռված չէ և արտերկիրը դիտարկում է միայն որպես նյութական օժանդակության աղբյուր: Այսօր էլ մեր պաշտոնատարների համար հայրենադարձությունը կոնկրետ սփյուռքահայերի անձնական գործն է, որի հնարավորությունները, փաստորեն, ոչինչով առավել չեն որևէ օտարազգիի Հայաստան ներգաղթելու պայմաններից: Բնական է, որ քաղաքական և պատերամական անկայություն ապրող երկրներում հակամարտության մեջ չներգրավված բնակչությունը ձգտում է հեռանալ վտանգավոր շրջաններից: Այդպիսի երկրների աշխարհագրությունը, որտեղ առկա է մեծաթիվ հայ բնակչություն շարունակում է ընդարձակվել: Երեկ Իրաքից, այսօր Սիրիայից, վաղը, հնարավոր է, մեկ այլ երկրից հեռանալու որոշում կայացրած բազմաթիվ հայ ընտանիքեր միշտ չէ, որ ընտրում են հայրենիքը` նախապատվությունը տալով այլ երկրներում փախստականի ավելի արտոնյալ կարգավիճակ ստանալուն: Դրա գլխավոր պատճառը հայրենկիցներին ընդունելու Հայաստանի կառավարության անպատրաստությունն է և չկամությունը: Այսօր Սիրիայից ժամանող մեր հայրենակիցները արդեն բախվում են այդ անպատրաստությանը և չկամությանը: ՀՀ կառավարությունից պահանջում ենք. 1. Մշակել բոլոր երկրներից հայրենադարձության ընդհանուր և ընդարձակ ծրագիր: 2. Վտանգավոր շրջաններից հայրենադարձությունը կազմակերպել արագացված ձևով, չսպասելով ճգնաժամի խորացմանը, ինչը կարող է զոհերի և անհաղթահարելի խոչընդոտների պատճառ դառնալ: 3. Անհապաղ մատչելի պայմաներ ստեղծել Սիրիայից և այլ երկրներից բոլոր ներգաղթել ցանկացողների համար, այդ թվում մեկ ուղղությամբ մեկանգամյա անվճար ուղևորափոխադրում և նվազագույն քանակի անձնական բեռների փոխադրում: Թույլ չտալ մասնավոր փոխադրողների կողմից իրավիճակի շահագործում: 4. Սահմանել հայրենադարձվածի կարգավիճակ, որը կենթադրի շատ ավելի արտոնյալ պայմաններ, քան որևէ երկիր կարող է տրամադրել փախստականներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիության արագացված ձեռք բերում: 5. Բոլոր հայրենադարձներին տրամադրել ժամանակավոր կացարաններ և մշտական բնակարաններ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ, հատկապես Արցախի ազատագրված տարածքներում: 6. Կրթական հաստատություններում ստեղծել հատուկ պայմաններ սփյուռքահայերի երեխաների կրթությունը արդյունավետ շարունակելու համար, սահմանել մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու չափաբաժիններ: 7. Տրամադրել վարկ ստանալու արտոնյալ պայմաններ, ինչպես նաև օժանդակել աշխաատանք գտնելուն, այդ նպատակով վերապատրաստվելուն: «ՀԱՅԱԶՆ» միություն

No comments: