Tuesday, July 3, 2012

Ովքե՞ր են կործանելու մեր երկիրը

HayNews.am. 3-7-2012- Հայաստանի ընդդիմությունն իր թիվ մեկ քննադատական թիրախը դարձրել է արտագաղթը, թե մարդիկ մեր երկրից հեռանում են, զզվել են ամեն ինչից, չեն կարողանում ապրել, որովհետև տնտեսական պայմանները հարմար չէ: Իհարկե, արտագաղթը մեզ սպառնացող թիվ մեկ խնդիրն է, իսկ Հայաստանից դուրս մեկնած ցանկացած քաղաքացի անդառնալի կորուստ է դե ֆակտո պատերազմի մեջ գտնվող մեր երկրի համար: Ընդդիմությունը, սակայն, թիրախ դարձնելով երկրի տնտեսական քաղաքականությունը, չի փորձում կամ չի ցանկանում խորանալ արտագաղթի իրական պատճառների մեջ: Ընդ որում, ըստ տարբեր մասնագետների, մեր երկրից հեռանում են ոչ թե նրանք, ովքեր հաց չունեն ուտելու, այլ այսպես կոչված միջին խավը, որ ունի քիչ թե շատ ֆինանսական հնարավորություններ: Իրականում, հեռացողների մեծ մասի հիմնական խնդիրը եղել և մնում է անպատժելիությունը, որ սկսվել է 90-ականներից, ինստիտուցիոնալ կարգավիճակ է ձեռք բերել Քոչարյանի նախագահության տարիներին ու, ցավոք, շարունակվում է ցայսօր: Իսկ մեր երկրի անպատժելի զանգվածը ոչ այլ ոք են, քան ամենակարող օլիգարխները, իրենց սափրագլուխների ջոկատներով, անսահման ազդեցությամբ ու ֆինանսական հնարավորություններով: Երբ հայաստանցի միջին գործարարը, ասենք մաքսատանը տեսնում է, որ իր ներկրած ապրանքի համար մի քանի օր ստիպված է սպասել, իսկ այսինչ մականունավորը կարողանում է մեկ ժամում խնդիրները լուծել, հիասթափվում է ոչ թե օլիգարխից, որի հետ առանձնապես երբեք հույսեր չէր կապել, այլ երկրից ու մտածում է Հայաստանն օր առաջ թողնելու մասին: Երբ Հայաստանի շարքային քաղաքացին թերթերից իմանում է, որ այսինչ մականունավորի բանդան ծեծելով մարդ է սպանել ու մնացել անպատիժ, կրկին հիասթափվում է ու մտածում արտագաղթելու մասին, երբ սկսնակ գործարարի օբյեկտ են ներխուժում հարկայինի աշխատողներն ու աննշան խախտման համար մի հսկայական տուգանք են նշանակում, իսկ օլիգարխները շարունակում են հարկ չվճարել, Հայաստանի քաղաքացին մտածում է արտերկիր մեկնելու մասին: Ապատիայի, հիասթափության, սեփական բիզնեսին տեր չլինելու մթնոլորտն է, որ ստիպում է մարդկանց լքել երկիրը: Հայաստանի իշխանությունները, թերևս, հասկանում են, որ մեր երկրի թիվ մեկ չարիքը ոչ թե կաշառք վերցնող «գայիշնիկն» է, այլ օլիգարխը՝ իր կլանային համակարգով, քրեական մտածելակերպով ու անպատժելի պահվածքով: Այս խավի դեմ պայքարը, նրանց ամենաթող օլիգարխից ցիվիլ բիզնեսմեն դարձնելու հրամայականն օրհասական է: Այլապես, օլիգարխիան վաղ թե ուշ ձեռնոց կնետի ոչ միայն Հայաստանի քաղաքացուն, որին արդեն խժռելու եզրին է, այլ հենց իշխանությանը, եթե վերջինս փորձի վերջ դնել նրանց ամենաթողությանը: Իրականում, Հայաստանի զարգացումը, մեր քաղաքացիների երջանկությունը կախված է անպատժելի մարդ չլինելու հանգամանքից, ինչին խոչընդոտում է հենց ամենակարող օլիգարխիան: Ժիրայր Մուրադյան

No comments: