Thursday, July 19, 2012

«Սեւազգեստ խիղճն» ընդդեմ «սպիտակների»

«Լրագիր» 19-7-2012- Կառավարության նիստի օրերին շենքը նմանվում է սեւ-սպիտակ խաղատախտակի, շարված ֆիգուրներով: Մի կողմում «սպիտակներն» են, որոնք «սկսում են ու հաղթում», մյուս կողմում՝ սեւազգեստ կանայք, որոնք չեն ցանկանում խաղալ: Նրանք չեն պահանջում վերադարձնել իրենց զոհված որդիներին, նրանք ցանկանում են արդար դատ, որպեսզի մեղավորները պատժվեն, եւ ոչ թե անպատիժ շարունակեն խախտել այլոց իրավունքները: Կառավարության շենքի տարածքը դարձել է յուրահատուկ տեղ, որտեղ ժողովուրդը փորձում է կառավարությանը հասցնել իր ձայնը: Այլ տարբերակներ չեն մնացել՝ դատարաններին ու իրավապահներին չեն վստահում, օմբուդսմենն ասում է, թե ինքը չունի այդքան լիազորություն, խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսն ընկերություն է անում ԲՀԿ-ի հետ, արհմիություններ չկան, մամուլն ազատ է, սակայն չունի որոշումների վրա ազդեցություն: Այսինքն, ինստիտուտները, որոնք կոչված են պաշտպանել քաղաքացիներին իշխանության կամայականություններից, չեն գործում: Եւ քաղաքացիներին այլ բան չի մնում, քան գնալ կառավարության շենքի մոտ եւ բարձրաձայնել սեփական մեղադրանքներն ու բողոքը շենքից ճողոպրող նախարարներին: Թերեւս, սա աննախադեպ երերույթ է՝ աշխարհի ոչ մի երկրում ամիսներ շարունակ կառավարության նիստերը չեն ուղեկցվում բողոքի «սեւ» ակցիաներով: Սակայն հայ նախարարները սովորել են դրան, եւ այդ օրը նրանցից շատերը շենք են մտնում եւ այնտեղից հեռանում «սեւ» անցքով, որպեսզի չբախվեն այդ մարդկանց: Նախարարներից ոմանք մարդկայնորեն խղճում են հավաքվածներին, ոմն մեկը նրանց համարում է «բազարի կնիկ», ինչ որ մեկն էլ համարում է, որ այդ ամենը «սարքած բան» է: Ակնհայտ է մի բան՝ կառավարության շենքի մոտ հավաքվող սեւազգեստ կանայք շատ նախարարների համար մարմնացումն են խղճի, որի հետ աշխատում են չհանդիպել երես առ երես: Սեւազգեստ կանայք նրանց հիշեցնում են այն գինը, որ նրանք ստիպված են վճարել սպիտակ կոստյումների, ռեստորաններում զվարճանալու, շվեյցարական բանկերում ունեցած հաշվեհամարների եւ արտերկրում ունեցած գույքի համար: Այսօր սեւազգեստ կանայք մտել են կառավարության շենք, պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Սակայն ոստիկանությունը «խիղճը» դուրս է մղել կառավարությունից, որպեսզի նախարարներին չհիշեցնի իրենց խղճուկ ու անիմաստ գոյությունը, պատասխանատվությունը, եւ որպեսզի չխանգարի «աշխատել»: Նաիրա Հայրումյան

No comments: