
1in,am. 26-8-2012- 1915թ. այս օրը թուրքերը սպանեցին արևմտահայ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին: Ծնվել է 1885 թ. փետրվարի 15-ին Կ.Պոլսին մոտ գտնվող Սիլիվրի գյուղում, ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։
1911-1914թթ. աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։ Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը: Այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ («Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը»), այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։ 1915–ին Սևակը վերադարձավ Կ.Պոլիս, ձերբակալվեց ու աքսորի ճանապարհին նահատակվեց այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և այլք: Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը։ Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել, սակայն նա չհամաձայնեց: Երևանում ներկայում գործում է Ռուբեն Սևակի անվան դպրոց, Ֆրանսիայի Նիս քաղաքում է գտնվում Ռուբեն Սևակի Հիշատակի տունը, որը հիմնադրվել է Հովհաննես Չիլինկիրյանի (Ռուբեն Սևակի եղբորորդին) հովանավորությամբ։
No comments:
Post a Comment