Saturday, August 18, 2012

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը Բաքու կժամանի օգոստոսի 25-ից հետո

Tert.am. 17-8-2012- Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքու կժամանի օգոստոսի 25-ից հետո: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտնի է դարձել Ջորջթաունում` Ամերիկա-ադրբեջանական առևտրի պալատի (USACC) գրասենյակում, նոր դեսպանի պատվին անցկացված միջոցառման ժամանակ: Միջոցառման ժամանակ Մորնինգսթարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը` վստահություն հայտնելով, որ խնդրի կարգավորումը ձեռնտու է երկու կողմերին էլ: Նրա խոսքով` Միացյալ Նահանգները հավասարակշռված քաղաքականություն է վարում տարածաշրջանում: Նա խոսել է նաև Կասպյան տարածաշրջանում էներգետիկ անվտանգության ու համագործակցության մասին` հավելելով, որ Հարավային էներգետիկ միջանցքը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի համար` էներգետիկ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից: Մորնինգսթարի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Սենատը հաստատել էր հունիսի 30-ին: Միացյալ Նահանգները Բաքվում դեսպան չունի նախորդ տարվա դեկտեմբերի վերջից, երբ լրացավ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի դիվանագիտական մեկամյա առաքելությունը։

No comments: