Saturday, August 18, 2012

Ազնավուր. Ախալցխայից Երեւա՞ն

«Լրագիր» 17-8-2012- Շառլ Ազնավուրը երեկ Ախալցխայում մասնակցել է վերականգնված Ռաբաթ ամրոցի բացմանը: Նրա մայրը ծագումով Ախալցխայից է: Ախալցխայից Հայաստանի սահման 1 ժամ է, սակայն Ազնավուրը թերեւս մտադիր չէր ժամանել Հայաստան, թեեւ մեր երկրի դեսպանն է Շվեյցարիայում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ազնավուրն անցյալ տարի բավական կոշտ արտահայտվեց Հայաստանի ղեկավարության մասին, մեղադրելով նրանում, որ ղեկավարության վարած քաղաքականության արդյունքում մարդիկ հեռանում են երկրից: Նշանավոր սփյուռքահայերի մոտ ընդհանրապես սառնություն է նկատվում հայրենիքի հանդեպ: Ինչո՞ւ: Չէ՞ որ Հայաստանն այդքան հպարտանում է իր սփյուռքով, հայերը «յան»ազգանուն են փնտրում ամենուր: Իսկ Ազնավուրը մեկնում է Վրաստան եւ Հայաստան չի գալիս: Անցյալ տարի սփյուռքը մի քանի անգամ գնահատական է տվել Հայաստանի կառավարման որակի եւ այստեղ իշխող քրեաօլիգարխիկ կարգերի վերաբերյալ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստանի ղեկավարությանը կոչ էր արել դադարեցնել քաղաքականությունը, որը մարդկանց վանում է երկրից: Հետո Շառլ Ազնավուրը հարցազրույց տվեց, որում իրերը կոչեց իրենց անունով: Եւ, վերջապես, ամերիկյան դաշնակցականները հրաժարվեցին մասնակցել Սերժ Սարգսյանի պատվին տրված ընդունելությանը, փաստարկելով իրենց հրաժարումը: Հայաստանի ղեկավարությունը որեւէ կերպ չի արձագանքել ազգի նշանավոր ներկայացուցիչների մտահոգություններին: Ազնավուրին չզրկեցին դեսպանի պաշտոնից, սակայն չարդարացան էլ, կարծես ակնարկելով, թե չարժե հակաճառել տարեց մարդուն, այն էլ՝ աշխարհահռչակ: Եւ բոլորը մնացին իրենց տեղում՝ իշխանությունը շարունակում է սնուցել քրեաօլիգարխիկ համակարգը, մարդիկ հեռանում են երկրից, իսկ նշանավոր հայերը նախընտրում են Հայաստանից հեռու մնալ: Նաիրա Հայրումյան

No comments: