Sunday, August 26, 2012

Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը բացահայտում է իրենց քայլերի փարիսեցիությունը. Արտակ Դավթյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փորձել է մեծահոգություն ցուցաբերել` հայտարարելով սիրիահայերին ընդունելու պատրաստակամության մասին, բայց նշելով, որ մոռացության կմատնեն 1915 թվականը, քինախնդիր չեն եւ այլն, դրանով բացահայտել է, թե ինչ ասել է այդ մեծահոգությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը: Նրա խոսքով` եթե 1915 թվականն ընդհանրապես չհիշատակվեր այդ հայտարարության մեջ, ապա սա կարելի է գնահատել մեկ քայլ ընդառաջ` հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Բայց արտգործնախարարի հայտարարության վերջին հատվածը առնվազն տարակուսանքի առիթ է տալիս. «Որեւէ մի թուրք բարձրաստիճան պաշտոնյայի մոտ ցավի զգացում ասվածը ոչ միայն բացակայում է, այլ փոխարինված է ուրիշ բանով: Փաստորեն` ստացվում է, որ մի բան էլ այն ժամանակվա Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներն են մեղավոր, որ Եղեռնից, կոտորածներից փրկվելու համար իրենց հարազատ օջախներից այլ երկրներ են գաղթել: Սա առնվազն տարակուսելի է, մեղմ ասած` դա բացահայտում է պաշտոնյայի իրական դեմքը»,- նշեց նա` հավելելով, որ սա պետք է ընդունենք ի գիտություն հետագա քայլեր կատարելիս: Ինչ վերաբերում է հայկական կողմի` սիրիահայերին օգնելու հարցում հապաղելուն, ինչն էլ հնարավոր է Թուրքիայի արտգործնախարարին նման հայտարարության առիթ է տվել, ապա պատգամավորը նշեց, որ «մենք անում ենք հնարավորը սիրիահայերին օգնելու հարցում, եւ յուրաքանչյուր ուղղակի անկեղծ մղումներով կատարված քայլ, ոչ թե փարիսեցիությունը, կօգնի Սիրիայի արաբական հանրապետությանը, իսկ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը բացահայտում է իրենց քայլերի փարիսեցիությունը»: «Հայաստանը, ցավոք սրտի, արաբական աշխարհի հետ ընդհանուր սահման չունի, ցամաքային սահման Թուրքիան ունի Սիրիայի հետ, եւ բնական է, որ անհամեմատելի հնարավորություններ կան բռնությունների, պատերազմական գործողությունների հետեւանքով հարկադրված այնտեղ տեղափոխվելու, քանի որ յուրաքանչյհուր անձ ձգտում է իր ընտանիքը տեղափոխել անվտանգ եւ ապահով վայր»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Թուրքիան, ի թիվս այլ փախստականների Սիրիայից, կարող է ընդունել իր տարածքում նաեւ սիրիահայերին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, նշելով, որ թուրքական կողմը պատսպարում է Սիրիայից գաղթած սուննիներին, արաբներին եւ թուրքմեններին: «Եթե վաղը բռնության ու խոշտանգումների ալիք սկսվի Սիրիայում, ապա մենք կարող ենք հյուրընկալել նաեւ այդ երկրում ապրող քրիստոնյաներին: Մենք կպաշտպանենք նաեւ Սիրիայից գաղթած քրդերի իրավունքները»,- նշել է Դավութօղլուն: Հարցին, թե արդոք դռները բաց են նաեւ այն հայերի համար, ում նախնիները գաղթել են Թուրքիայից 1915 թվականին, նախարարն ասել է. «Վիճակն այնպիսին է, որ մոռացության կմատնվի նաեւ 1915 թվականի իրավիճակը: Մեր մշակույթն այնպիսին է, որ մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն չենք տածում եւ քինախնդիր չենք: Մեր դռները բաց են բոլորի առջեւ»:

No comments: