
1in.am. 8-8-2012- Euro News-ի փոխանցմամբ՝ Իրանը մշտական աջակցություն է խոստացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Հանդիպման ժամանակ Ջալիլին հայտարարել է, որ Սիրիան տարածաշրջանային դաշինքի՝ «իսլամական դիմակայության առանցքի» հենասյուններից մեկն է՝ ընդգծելով, որ Իրանը երբեք թույլ չի տա, որ Սիրիան կործանվի:
Ըստ Ջալիլիի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման միակ ուղին ժողովրդավարությունն ու ազատ ընտրություններն են: Ջալիլին պատերազմի սանձազերծման մեջ մեղադրել է ԱՄՆ-ին՝ ընդգծելով, որ Սիրիայում ընթացող զարգացումները պայմանավորված են ոչ թե երկրի ներքին խնդիրներով, այլ դիմակայության առանցքի ու տարածաշրջանում և աշխարհում նրա թշնամիների արտաքին հակամարտությամբ: Ջալիլին հավելել է, որ այդ ամենը, քաղաքական ու տնտեսական այդ բոլոր պատժամիջոցները պարզապես Սիրիայի դեմ նյութված դավ է, ինչն անասելի տանջանքներ է պատճառում Սիրիայի ժողովրդին: Բաշար Ասադն իր հերթին նշել է, որ Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը մտադիր են մաքրել իրենց երկիրն ահաբեկիչներից և չդադարեցնել նրանց դեմ պայքարը:
No comments:
Post a Comment