Wednesday, August 8, 2012

Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները կքննարկեն Հարավային Կովկասի անվտանգությունը եւ երկկողմ հարաբերությունները

News.am. 8-8-2012- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին Հայաստանի ղեկավարի Ռուսաստան այցի շրջանակում իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ կքննարկի Հարավային Կովկասի անվտանգությունը եւ երկկողմ հարաբերությունները: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն տեղի է ունենում օգոստոսի 7-8-ին: Այցի շրջանակում ծրագրված են ռուս-հայկական բանակցություններ բարձրագույն մակարդակով, որոնց ընթացքում նախատեսված է քննարկել երկկողմ հարաբերությունների արդիական խնդիրներ, նաեւ` միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում` ԱՊՀ տարածքում եւ թափ հավաքող եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում երկու երկրների փոխգործակցությունը խորացնելը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Կրեմլի հաղորդագրության համաձայն` այցը կոչված է նոր քայլ դառնալ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային գործընկերության, բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունների կառուցման գործում: Բանակցությունների ընթացքում կքննարկվի նաեւ Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության ապահովման հիմնախնդիրը: «Երեւանի հետ արտաքին քաղաքական գործողությունների սերտ համակարգումը նպաստում է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի առողջացմանը», - ասվում է հաղորդագրությունում: Մամուլի ծառայությունը նշում է, որ 2012-ին երկու նշանակալի տարեդարձ կա` Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը եւ «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» ռուս-հայկական միջպետական պայմանագրի կնքման 15-ամյակը: Ավանդական երկխոսությունը աջակցվում է կառավարական, խորհրդարանական եւ գերատեսչական գծով` միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում, եւ, ամենից առաջ` պետությունների ղեկավարների մակարդակով: Այս տարեսկզբին աշխատանքային այցով Հայաստան են այցելել Վիկտոր Զուբկովը (փետրվարի 6-7), Սերգեյ Կիրիենկոն (Տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը մասնակցելու համար, փետրվարի 6-7-ին), Նիկոլայ Պատրուշեւը (փետրվարի 8-9), Յուրի Չայկան (ապրիլի 25-26):

No comments: