Thursday, August 30, 2012

Տոլման «տոլի» բառից է՝ խաղողի վազ. հայ խոհարարն ընդդեմ ադրբեջանական հավակնությունների

Tert.am. 29-8-2012- Տոլմայի պատկանելության շուրջ վրացիները հայերի հետ վեճ չունեն ի տարբերություն
ադրբեջանցիների, Tert.am–ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդությունների զարգացում և պահպանում», հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հարավկովկասյան ժողովուրդների միջև տարբեր ուտեստների շուրջ բանավեճն ինչ փուլում է: Խոհարարը մեզ հետ զրույցում նախ որպես ուղղում խնդրեց չօգտագործել «կովկասյան խոհանոց» եզրույթը ասելով. «չկա կովկասյան կամ եվրոպական, ասիական խոհանոց, կա՜ ազգային խոհանոց»: Հիշեցնենք, որ վերջերս Լոնդոնի կենտրոնում մի ադրբեջանցի տոլմայի բիզնես է դրել՝ փորձելով լոնդոնցիներին զարմացնել ադրբեջանական «ազգային ուտեստ» տոլմայով: Այս մասին հաղորդում էր պատրաստել հեղինակավոր BBC հեռուստառադիոկորպորացիան՝ «Ադրբեջանցիները Բրիտանիայում» նախագծի շրջանակում: Այս առնչությամբ Սեդրակ Մամուլյանը նկատեց.«Դե ադրբեջանցիները քարտեզներն էլ են ներկայացնում որպես Ադրբեջան, Երևանն էլ՝ իրենց խանություն»։ Բացի այլ հայերի համար անվիճելի ապացույցներից Սեդրակ Մամուլյանը տոլմայի «հայկական ինքնությանը» մոտեցավ լեզվաբանական, ստուգաբանական տեսանկյունից՝ ասելով, «տոլման «տոլի» բառից է, որը նշանակում է խաղողի վազ: «Անատոլիա» բառն էլ նշանակում է խաղողի հայրենիք: Դալմայի այգիներն ի՞նչ են կոչվում. Խաղողի այգիներ։ Եվ եթե քոչվոր ազգերը մինչև 11-րդ դարը ձիու վրա են եղել, ապա ինչ… կարծեմ Ալթայում խաղող չի աճել: Ամեն ինչ ասելով չի, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ապացուցելով չի»,– ասաց նա: Խորովածի վերաբերյալ Սեդրակ Մամուլյանի ստուգաբանությունը հետևյալն է. «Միայն հայերենով է, որ խորովածը հնչում է խորոված, որը նշանակում է առանձին (հատուկ) ջերմային մշակման եղանակ: Վրացիները «մցխալի» են ասում, բայց նրանք նաև այդ ուտեստը տապակում են»: Ինչ վերաբերում է խաշին, ապա Սեդրակ Մամուլյանն այս կապակցությամբ հիշեց իր և մի ադրբեջանցի գիտնականի հարցուպատասխանը, երբ վերջինս բերելով խաշի օրինակը՝ հայտարարել է, որ եթե հայերը ադրբեջանցիներին կոչում են խաշնարած, ապա պարզ է, որ «խաշը ադրբեջանցիներինը կլինի», իսկ Սեդրակ Մամուլյանն էլ ասել է, որ խաշնարած հայերը չոբանին են ասում: «Խաշ խաշել է նշանակում և դա, ի դեպ, ծիսական ուտեստ է»,- ասաց խոհարարը: Սեդրակ Մամուլյանը, կարծես, ինչ ընդունում է ադրբեջանցիների իրավունքները միայն քաբաբի հարցում, ավելի ճիշտ՝ դրա ոչ հայկական լինելը:

No comments: