«Լրագիր» 29-8-2012- Սիրիայում տեղի ունեցող գործընթացները գնալով ավելի արյունալի են դառնում, ինչի արդյունքում երկրի հայ համայնքի համար էլ ավելի դժվար է դառնալու զերծ մնալ պատերազմական գործողությունների թիրախը, կամ անմիջական մասնակիցը դառնալուց: Այդ մասին է վկայում ինչպես մեր հայրենակիցների դեպի Հայաստան իրենց խոսքերով “ժամանակավոր հանգստի” գալը, այնպես էլ հայերի` որպես Ասադին պաշտպանող քրիստոնյա համայնքի դեմ թիրախավորված հարձակումները: Սիրիայի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բաշար ալ-Ասադը հայտարարել է, թե կառավարական ուժերը հաջողություններ են արձանագրում Դամասկոսում, սակայն պայքարը կարող է երկար շարունակվել: Այսինքն եւս մեկ անգամ արձանագրվում է, որ քաղաքացիական պատերազմի վերջը չի երեւում, ինչն անխուսափելիորեն նորանոր զոհերի գնով է լինելու: Այս պահին մեզ հասնող հակասական տեղեկությունների համաձայն, Սիրիայում արդեն իսկ 16 հայ է զոհվել, նրանցից 10-ը` Հալեպում, եւս 6 հոգի Դամասկոսում: Համայնքի անդամների հետ մեր զրույցների արդյունքում նշվում են նաեւ դեպքեր, երբ ապստամբների կողմից առեւանգվում են ազգությամբ հայեր եւ ապա գլխագին ստանալուց հետո միայն ազատ արձակվում: Սփյուռքի նախարարության տվյալներով, Հայաստան ներգաղթած սիրիահայերի թվաքանակը հասել է 2000-ի, որոնց մեծ մասը Հալեպից: Զուգահեռաբար սիրիահայերի խմբեր են արտագաղթում դեպի հարեւան Լիբանան, իսկ ով կարող է իրեն թույլ տալ՝ նաեւ դեպի Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ: Արեւմտյան պարբերականներում շուրջ 1 ամիս առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Բաշար ալ-Ասադի դեմ կռվող, Սիրիայում եւ երկրից դուրս ձեւավորված խմբավորումներից զատ, Թուրքիայի տարածքով պատերազմական գոտում են հայտնվել նաեւ ջիհադիստներ, այդ թվում չեչեն զինյալներ, որոնց համար այս պատերազմը նաեւ Ռուսաստանի դեմ պայքարելու լրացուցիչ ճակատ է: Մինչ այդ, սուննի մահմեդական ծայրահեղականների շրջանում հեղինակություն ունեցող կրոնական առաջնորդներից ոմանք Ասադին եւ նրա աջակիցներին սատանա որակելով սրբազան պատերազմի կոչ էին հնչեցրել: Կարելի է ենթադրել, որ Դամասկոսում 6 հայերի սպանությունը ըստ ամենայնի հենց ջիհադիստների ձեռքի գործը եւ կամ հնարավոր սադրանքի արդյունք է: Ամեն դեպքում, այս գործընթացը հակամարտությունն ի սկզբանե ներմահմեդական սուննի-շիա հարթությունից արագ տեմպերով կարող է սուննի-քրիստոնյա տարածք տեղափոխել: Սիրիահայ հայրենակից մեր եղբայրներին աջակցելու համար անհրաժեշտ է համախմբել մեր ժողովրդի հնարավոր բոլոր ռեսուրսները, քանի որ ակնհայտ է դառնում, որ իրավիճակն առաջիկայում էլ ավելի է վատթարանալու, ընդհուպ մինչեւ զանգվածային սպանդի հնարավոր դրսեւորումներով: Ի դեպ, եթե նախկինում հանդուրժելի էին հայերի պատերազմում անմիջականորեն ներգրավվելու մասին քննարկումները, ապա այսուհետ նման մոտեցումը որակվելու է որպես ոչ այլ ինչ քան պարզունակ արկածախնդրություն: Նրանք, ովքեր խոսում են հայերի ինքնապաշտպանության անվան տակ մարտերում ներգրաման մասին, թող անձամբ մեկնեն Հալեպ կամ Դամասկոս եւ անձնական օրինակով տեր կանգնեն գաղութապաշտպան իրենց գաղափարախոսությանը: Ըստ իս, այս պահին կարեւորագույն խնդիրը Սիրիայի հայ բնակչությանը հետագա ֆիզիկական ոչնչացումից փրկելն է: Ուստի ինչպես նշվեց` պետք է համախմբել համահայկական ողջ կարողությունն ու ուժերը այս առաջնային գերակայության շուրջ հետեւյալ մի քանի ուղղություններով. Հայաստանի Հանրապետությունը պետք է պասիվ` համայքնի անդամներին ընդունող կողմից դառնա ակտիվ հետաքրքրություններ ունեցող եւ դրանք հրապարակավ ձեւակերպող պետություն, որը անհրաժեշտության պարագայում բանակի համապատասխան ստորաբաժանումների կիրառությամբ Սիրիայից դուրս կբերի հայազգի բնակչությանը: ՀՀ դիվանագիտական առաքելություններին պետք է հանձնարարականներ տալ աշխատել հնարավոր բոլոր միջազգային օղակների եւ պետությունների, այդ թվում նաեւ հայկական սփյուռքի ակտիվ գաղթօջախների հետ` Սիրիայի հայ եւ հնարավորության դեպքում քրիստոնյա այլ (ասորիներ, քաղդեացիներ եւ այլն) բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Եթե ոչ անմիջականորեն, ապա միջնորդավորված կերպով ՀՀ-ն պետք է բանակցի Թուրքիայի իշխանությունների հետ Հաթայ նահանգի օդանավակայանների հնարավոր կիրառության ուղղությամբ: Ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ պետք է քննարկել Տարտուսի նավահանգստից նավերի միջոցով սիրիահայերի հնարավոր տեղափոխման հարցը, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հայ համայնքի բազմաշերտ ներգրավվածությամբ: Հայաստանցիներս պետք է բացենք մեր դռները սիրիահայերի հնարավոր զանգվածային ներգաղթի պարագայում նրանց ծածկով ապահովելու համար առնվազն սկզբնական փուլում: Այս հարցում, բացի ամեն ինչից, առավել կարեւոր է պետական ճիշտ քարոզչությունը: Հնարավորինս ակտիվ մասնակցություն է ակնկալվում Լիբանանի հայ համայնքի կողմից, որի ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, թե պատրաստ են ընդունել սիրիահայ հայրենակիցներին: Մեծ է հավանականությունը, որ երկարաձգվելու պարագայում սիրիական ճգնաժամը, որն արդեն իսկ որոշակիորեն ազդել է Լիբանանի վրա, առաջիկայում նոր մարտահրավերներ առաջ կբերի այդ երկրի հայ համայնքի համար եւս: Ուստի Լիբանանը պետք է դիտարկել որպես ժամանակավոր հանգրվան: Նախնական փուլում պետք չէ բացառել նաեւ Հորդանանի փոքրաթիվ հայ համայնքի մասնակի ներգրավումը: Կարեւորագույն խնդիր է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայկական համայնքների գործընթացում ներգրավման համակարգելու հարցը, ովքեր արդեն իսկ տարբեր ուղղություններով սիրիահայերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել: Նոյեմբերին կայանալիք Հայաստան Համահայկական Հիմնադրամի ամենամյա դրամահավքը պետք է ուղղորդել բացառապես սիրիահայերի անմիջական կարիքներին աջակցելուն: Առանձին խոշոր հայազգի գործարարների հետ ակտիվ բանակցություններ վարել հնարավոր դրամական միջոցներ տրամադրելու ուղղությամբ, գործընթացում ներգրավել նորաստեղծ Համահայկական Զարգացման բանկի միջոցները: Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն օրհասական խնդիր է, այնպես, ինչպես էր Արցախի մեր հայրենակիցների պարագայում: Սիրիահայ մեր եղբայրներին եւ քույրերին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելը, բացի յուրաքանչյուրիս բարոյական պարտքը լինելուց, նաեւ ազգային անվտանգության խնդիր է: Սա այն դեպքն է, երբ մի կողմ պետք է դնել գաղափարական, քաղաքական եւ աշխարհայացքային տարբերություններն ու ապացուցել, նախեւառաջ ինքներս մեզ, որ հայերս ճգնաժամային իրավիճակներում համախմբվել գիտենք: Սա մեր 100-ամյա գոյամարտի հերթական փուլն է, եկեք այն ազգային նոր զարթոնքի սկիզբ դարձնենք… Արսեն Խառատյան
Thursday, August 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment