«Լրագիր» 27-8-2012- Աշնանն, ըստ ամենայնի, ԲՀԿ-ն կփորձի հասնել նրան, որ կառավարության հաշվետվությունը 2011-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ չընդունվի խորհրդարանում, եւ անվստահություն հայտնել կառավարությանը: Սեպտեմբերին կհաջողվի՞ արդյոք այդ հնարքը. համենայնդեպս, խորհրդարանի ընտրությունից հետո չհաջողվեց տապալել կառավարության ծրագիրը: Թեեւ, այս անգամ դասավորությունը քիչ ինչ այլ է: Բանն այն է, որ աշնանը պետք է առաջադրվեն նախագահի թեկնածուներ: Հայաստանը նման է կաթսայի, որում լողում է երկու «կարտոֆիլ», եւ այնտեղից հանում ես կամ մեկը, կամ մյուսը: Նույնիսկ ընդդիմությունը չի քննարկում լուրջ այլընտրանքային թեկնածուների, կարծես համակերպվելով, որ ընտրությունը Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ է: ԲՀԿ-ն չի հերքում, որ Քոչարյանն առաջադրվելու մտադրություն ունի: ԲՀԿ մամուլի խոսնակը հարկ է համարել հիշեցնել, որ իր կուսակցության օգտին քվեարկել է 500 հազար քաղաքացի, հասկացնելով, որ եթե կուսակցությունն առաջադրի Քոչարյանին, դա կնշանակի, որ դա 500 հազար մարդու պահանջն է: Դժվար թե Սարգսյանը կասկածի Քոչարյանի ունակությանը՝ հաղթել ընտրությունը եւ վերցնել իշխանությունը, այդ պատճառով էլ, ըստ ամենայնի, նա կփորձի այնպիսի քայլ անել, որը մի կողմից կչեզոքացնի Քոչարյանին, մյուս կողմից թույլ կտա գնալ երկրորդ ժամկետի: Նման քայլ կարող է լինել Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւ այդ պաշտոնին Քոչարյանին նշանակելը: Թեեւ Սարգսյանի ու Քոչարյանի հակասություններն իրական են, քանի որ երկուսն էլ հավակնում են նախագահական իշխանության, սակայն նրանց միջեւ ուղիղ դիմակայություն կարող է լինել միայն ծայրահեղ դեպքում: Ըստ ամենայնի, նրանք մինչեւ վերջին պահը մտածելու են ջանքերը միավորելու օգտին: Եւ նման տարբերակ կարող է լինել մեկը նախագահ, մյուսը վարչապետ կոնֆիգուրացիան, Ռուսաստանի նմանությամբ: Մինչ այժմ Սարգսյանը Քոչարյանին չի նշանակել վարչապետ տարբեր պատճառներով, այդ թվում եւ այն պատճառով, որ չի ցանկացել լինել նախագահ ուժեղ վարչապետի առկայությամբ, ինչպես Ռուսաստանում էր: Սակայն ներկայում, թվում է, դրա համար բոլոր պայմանները կան՝ դրանով կվերադարձնի Մոսկվայի «բարեհաճությունը», իր կողմը կգրավի «ԲՀԿ-ի 500 հազարին», վերջապես՝ կչեզոքացնի իրական հակառակորդին առաջիկա ընտրությանը: Դա վերջին ընտրությունն է լինելու Սարգսյանի համար, եւ եթե նա անցնի, հետո արդեն Քոչարյանը «սարսափելի» չի լինի: Մնում է հարցը՝ համաձա՞յն է արդյոք Քոչարյանը: Ակնհայտ է, որ եթե նա զգա, որ ունի նախագահ եւ ոչ թե վարչապետ դառնալու հնարավորություն, նա կգնա մինչեւ վերջ: Հակառակ պարագայում, նա կհամաձայնի նաեւ վարչապետին: Նաիրա Հայրումյան
Monday, August 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment