Wednesday, August 29, 2012

Օլանդը հերքել է իր առնչությունը Ցեղասպանության հարցը դասագրքերում ներառելու փաստին

Tert.am. 29-8-2012- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե ինքը տեղյակ չէ Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության փաստը ներառող փոփոխությունների մասին: Թուրքական Hurriyet-ի հետ զրույցում Ֆրանսուա Օլանդը նշել է, որ որոշման հեղինակն ինքը չէ, սակայն խոստացել է ճշտել և տեղեկացնել ավելի ուշ: Hurriyet-ի թղթակիցը նշում է, որ Օլանդը զարմացած տեսքով նշել է, որ անգամ տեղյակ չէ դասագրքերում տեղ գտած նման փոփոխությունից: Հարցին, թե նախաձեռնության հեղինակն ինքը չէ՞, Օլանդը պատասխանել է. «Ո'չ, կտրականապես ոչ: Ես նման հանձնարարական չեմ տվել: Գրքերում առկա փոփոխությունները համապատասխան հանձնաժողովի կողմից են իրականացվում»: Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ո՞վ է եղել նախաձեռնողը, Օլանդը խոստացել է ճշտել և տեղեկացնել ավելի ուշ: Հարցազրույցը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում կազմակերպված նախագահի և շուրջ 200 դեսպանների հավաքի ընթացքում: Օլանդը նշել է, որ հավաքի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը` մասնավորեցնելով հարաբերությունները ԵՄ-ի, Ամերիկայի, Աֆրիկայի, Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Թուրքիայի հետ: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլին նույնպես հայտարարել է, թե փոփոխությունը չի արվել դիվանագիտական մակարդակով, սակայն դա անակնկալ չի եղել:

No comments: