Saturday, August 18, 2012

«The Armenian Weekly». Արեւմուտքի կողմից մշակութային ժառանգության ոչնչացման դատապարտումն ուղղված է միայն թշնամիների՞ն

News.am. 18-8-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Armenian Weekly»-ում հրապարակված Սիմոն Մաղաքյանի հոդվածը. Միջազգային կազմակերպությունները, արեւմտյան կառավարություններն ու ԶԼՄ-ները վրդովմունքով էին արտահայտվում Մալիում` Տիմբուկտուում իսլամական ծայրահեղականների կողմից հանրահայտ սրբավայրի ավերման մասին, որը կրկնում էր թալիբների կողմից 2001թ-ին Աֆղանստանում` Բամիանում Բուդդայի երկու արձանների ոչնչացման արձագանքները: Երկու դեպքում էլ մշակութային իրավունքները խախտողները հակաարեւմտամետներ են` կապված Ալ Քաիդայի հետ, եւ միայն դա է հանգեցրել Արեւմուտքի կողմից ուժեղ քննադատության: Հակառակ դեպքում, ինչու Արեւմուտքը լռություն պահպանեց Ադրբեջանի (որը Արեւմուտքին էներգակիրներ մատակարող եւ այնտեղից զենքը գնող խոշոր երկրներից է) կողմից աշխարհում խոշոր միջնադարյան հայկական գերեզմանտունը ոչնչացնելու դեպքում: Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը Վաշինգտոնի արձագանքը, ավելի շուտ, խլացվեց Ադրբեջանի հսկայական էներգետիկ ռեսուրսներով: Իսրայելից Ադրբեջանի զենքի գնումը, ինչպես նաեւ նրա գաղտնի կարգավիճակը` որպես Իսրայելի գաղտնի պլացդարմ` Իրանի վրա հարձակվելու համար, նույնպես կարող են որոշակի դեր խաղալ Ջուլֆայում ոչնչացումների լռության հարցում: Անընդունելի է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անգործությունը, ինչպես նաեւ միջազգային ԶԼՄ-ների լռությունը` որոշ բացառություններով: Մտահոգիչ է այն, որ Վաշինգտոնի մշակութային իրավունքների խախտումների ընտրողաբար քննադատությունը, ըստ ամենայնի, հիմնված է սեփական շահերի վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեղքը քավելու համար անուղղակիորեն ճանաչեց հայկական խաչքարերի արժեքը` դրանք 2010թ-ին ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` չհիշելով այն մասին, որ դեռ հինգ տարի առաջ ոչնչացվել էր խաչքարերի խոշորագույն հավաքածուն: Ջուղայում, ինչպես նաեւ Բամիանում եւ Տիմբուկտուում մշակութային արժեքների ոչնչացումը լայն լուսաբանման, անվարան դատապարտման կարիք ունեն` անկախ նրանից, ով է հանցագործը:

No comments: