Thursday, September 13, 2012

Հալեպում սպանված հայերի թիվը հասել է 7-ի

1in.am. 12-9-2012- Սիրիայի առևտրաարդյունաբերական կենտրոն Հալեպում իրավիճակը ժամ առ ժամ է
լարվում: Այսօր Սիրիայի ազատբանակայինների և իշխանական զորքերի միջև կատաղի մարտեր են ծավալվել Հալեպի միջազգային օդանավակայանի մոտ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին Հալեպից հայտնեց հալեպահայ Րաֆֆի Մերջանյանը: Նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, մարտերը մեկնարկել են երեկ երեկոյան, ինչի արդյունքում էլ մեր հայրենակիցները օդանավակայանից Հալեպ ճանապարհին ընկել էին կրակահերթի տակ: Նրա խոսքով՝ իրեն հայտնի չէ, թե ինչու են մարտերը օդանավակայանի մոտ ծավալվում: «Երեկ երեկոյան 7 հայ են սպանել, բոլոր հիվանդանոցներում մեր հայրենակիցներն են, նրանք էլ վիրավորվել են: Շատ վատ է վիճակը, չգիտենք` ինչ է կատարվում, հայերի համար շատ վտանգավոր վիճակ է Հալեպում»,- ասաց Րաֆֆի Մերջանյանը: Նա տեղեկացրեց, որ լարված է իրավիճակը նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասում: Հալեպահայի խոսքով՝ այժմ իշխանական օդուժը կրակահերթի տակ է պահում Նոր Գյուղը, որտեղ հաստատվել են ապստամբները: Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց, որ յուրաքանչյուր րոպեն իրենց համար կարող է ճակատագրական լինել, ուստի միայն աղոթում են՝ հուսալով, որ լավ կլինի: Լուրը հաստատել է նաև ռուսական Itar-Tass լրատվական գործակալությունը: Հիշեցնենք. երեկ երեկոյան Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության օդանավով Հալեպ ժամանած հայերը Հալեպի օդանավակայանից երկրորդական ճանապարհով Հալեպ ուղևորվելիս կրակի տակ էին հայտնվել: Ներկայացրել էինք նաև կրակահերթի զոհ դարձած հայերի անունները՝ Հարութ Սուլավյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և Մեսրոպ Աճեմյան:

No comments: