«Լրագիր» 6-9-2012- Լսում ես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստանի Ազգային Ժողովի նիստում, ու մտածում, թե արդյոք Հայաստանի ինչին է պետք արտգործնախարարը, եթե այն Էդվարդ Նալբանդյանն է: Ինչպես կարող է կենսունակ ու գործունակ արտգործնախարարը Հայաստանի համար կարեւորագույն պահին, կարեւորագույն ամբիոնից ունենալ այդքան խեղճուկրակ մի ելույթ, որը երեւի թե հազիվ ձգում է ինչ որ մի հասարակական կազմակերպության ղեկավարի տեղակալի օգնականի մակարդակի: Ըստ երեւույթին, Էդվարդ Նալբանդյանը որոշել է ԱԺ-ին խնայել ու չունենալ այնպիսի ելույթ, որը կստվերեր Ազգային Ժողովի արտահերթ նիստում ընդունած այսպես կոչված հայտարարությունը, որը բացառությամբ Զարուհի Փոստանջյանի, միասնաբար «ադաբրյամս» արեց ընդդիմություն-իշխանություն համապարփակ տանդեմը, այդ թվում նույն այն պատգամավորները, ովքեր ամբիոնից հայտարարում էին, թե Հայաստանն այստեղ լուրջ քայլերով պետք է պատասխանի, թե Ազգային Ժողովի նման լուրջ կառույցին պետք է արտգործնախարարությունը հաշվի առներ, եւ այլն, եւ այլն: Կամ էլ Էդվարդ Նալբանդյանը համարեց, որ Ազգային Ժողովի լսարանի ինտելեկտուալ մակարդակն այն չէ, որպեսզի դրա առաջ լուրջ քաղաքական ելույթ ունենաս, ու պետք է ընդամենը մի քանի րոպե ժամանակ լցնել մի քանի հերթապահ ձեւակերպումներով: Բայց, Էդվարդ Նալբանդյանը երեւի մոռացել էր, որ իրեն ոչ միայն Ազգային Ժողովի մականունավոր կոնտինգենտն էր լսում, այլ նաեւ դրանից դուրս գտնվող հանրությունը, նաեւ միջազգային հանրությունը: Ինչքան կարելի է բարձր մակարդակով կրկնել նույն բանը, ընդ որում այն բանը, որն իրենից բան չի ներկայացնում: Ավելի լավ է, որ նման ելույթներ ունենալու փոխարեն, Էդվարդ Նալբանդյանը որեւէ մի նոր տուրնե կազմակերպի խաղաղօվկիանոսյան էկզոտիկ երկրներ: Իհարկե, պահը պարտադրում է, որ Հայաստանն ամեն օր որեւէ բան ասի, բայց եթե այդ ամենօրյա ասածը շարունակում է ավելի շատ անզոր դատարկախոսություն հիշեցնել, քան լուրջ քաղաքական արձագանք կամ պատասխան կատարվածին, ապա ավելի լավ է մի հատ էլ գնալ Ֆիլիպիններ, Ինդոնեզիա կամ Նոր Զելանդիա: Իհարկե, Էդվարդ Նալբանդյանն ու նրա գրասենյակը կարող են այդ այցերը հիմնավորել հույժ կարեւոր պետական անհրաժեշտությամբ, ասելով, թե գնում են անգամ ամեաաննշմար եւ Հայաստանի հետ անգամ ոչ մի կապ չունեցող երկիր էլ, որ վաղը մի միջազգային կառույցում, ասենք ՄԱԿ-ում այդ երկիրն Ադրբեջանի օգտին չքվեարկի, Հայաստանի օգտին քվեարկի, բայց այդ հիմնավորումներն իհարկե ավելի լուրջ չեն, քան ելույթները սաֆարովյան թեմայով: Ի դեպ, Էդվարդ Նալբանդյանն ասում է, որ մինչեւ օգոստոսի 31-ը՝ այսինքն մինչեւ Սաֆարովի էքստրադիցիայի մասին որոշման հայտնի դառնալն ու նրան Ադրբեջան ուղարկելը, Հայաստանի ԱԳՆ-ն իտենսիվ հաղորդակցվել է հունգարական իշխանության հետ եւ ստացել հավաստիացումներ, թե ամեն ինչ կարգին է ու ոչ մի էքստրադիցիա չի էլ լինի: Իսկ ինչու Էդվարդ Նալբանդյանն այդ ընթացքում գոնե մեկ անգամ չի այցելել Հունգարիա, կամ իր հունգարացի գործընկերոջը գոնե մեկ անգամ չի հրավիրել Հայաստան: Նալբանդյանն օրերով ու ժամերով օգոստոսյան օրացույցն է ներկայացնում, մինչդեռ այդ նույն օգոստոսին նա Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Նոր Զելանդիա էր այցելում, Հունգարիայի փոխարեն: Կամ, արդյոք Հունգարիայի իշխանության պաշտոնական հավաստիացումներից բացի, Հայաստանի իշխանությունն ինֆորմացիայի այլ աղբյուր չուներ, որ կարողանար առնվազն կասկածել, թե հունգարական իշխանությունն ուղղակի կարող է խաբել Հայաստանին: Արդյոք շատ մեծ խելք էր պետք ապահովագրվելու, խաբվելուց որոշակիորեն երաշխավորվելու համար: «Հավատա, բայց ստուգիր», ասում է ռուսական ասույթը: Ռուսաստանին այդքան նվիրված պաշտոնական Երեւանը եւ հատկապես ռուսերենին մայրենիից ավելի լավ տիապետող արտգործնախարարը երեւի թե պետք է հիշեին այդ ասույթը եւ ստուգեին Հունգարիայի իշխանությանը, էքստրադիցիայի հեռանկարի դեմ բողոքի ալիք խրախուսելով ոչ կառավարական մակարդակում, ինչը կարող էր Հունգարիայի իշխանությանն առավել զգաստացնել: Ներկայում Հայաստանի պաշտոնյաներն իրենք էլ չգիտեն, թե ինչ անեն: Թեեւ գուցե լավ էլ գիտեն, բայց պատրաստ չեն անել այն, ինչ պետք է, ինչը կարող է լինել ծանրակշիռ, ինչը կարող է լինել իրավիճակին ադեկվատ: Դրա փոխարեն, նրանք գերադասում են Հունգարիային ու Ադրբեջանին մերկացնող քարոզչությունը, թերեւս չնկատելով էլ, որ ինչքան անցնում են օրերն, ու շարունակաբար կրկնվում է այդ քարոզչությունն առանց լուրջ քաղաքական հակաքայլերի, այդքան ավելի շատ մերկանում է Հայաստանն իր քաղաքական իմպոտենտությամբ: Հայաստանի իշխանությանն ըստ երեւույթին թվում է, թե քաղաքականությունն ու դիվանագիտական հաջողությունն այն է, երբ աշխարհի հզորները չեն դիմանում այտերիդ հետ խաղալու գայթակղությանը: Դա իհարկե այլ հաջողություն է, որը քաղաքականության եւ դիվանագիտության հետ կապ ունի գուցե այնքանով, որքանով քաղաքականության ու դիվանագիտության ժամանակակիցն է: Իսկ ժամանակակից քաղաքականության ու դիվանագիտության մեջ պայտերը պետք է լավ վիճակում լինեն, ոչ թե այտերը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, September 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment