Thursday, September 6, 2012

Աղթամարում պատրաստվում են Սուրբ Խաչի երրորդ պատարագին

News.am. 6-9-2012- Վանի Աղթամարի կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք պատարագից
օրեր առաջ արդեն նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, պատարագը հավուր պատշաճ անցկացնելու համար Վանի նահանագապետարանը, Գեւաշի քայմաքամությունը եւ Մշակույթի եւ տուրիզմի Վանի նահանգային վարչությունը համատեղ աշխատանքներ են իրականացրել։ Պատարագի համար արդեն պատրաստ Աղթամար կղզում մեկ օր սկսելու են հերթապահել շտապօգնության եւ ոստիկանության անձնակազմերը։ Պատարագին հետեւելու եւ լուսաբանելու համար լրագրողների համար հատուկ վրան է տեղադրվելու։ Դեպի Աղթամար կղզի ուղերթներ իրականացնող «Գեւաշ գյոլ» ընկերության նախագահ Ռեջեփ Ավջըն հայտնել է, որ իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր նավերը պատրաստ են պատարագի օրը ծառայություն մատուցել ըստ պատշաճի։ Նշենք, որ Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի, որն համընկնում էր Սուրբ Խաչ եկեղեցական տոնի հետ: Այս տարի 3-րդ անգամ Աղթամարի Սուրբ Խաչում պատարագ կիրականացվի։

No comments: