Monday, September 10, 2012

Իսրայելն ուժեղացնում է իր պաշտպանությունը՝ իրանական հակահարվածին դիմակայելու համար

Tert.am. 10-9-2012- Իսրայելի իշխանությունները սկսել են երկրում լայնածավալ պաշտպանական
գործողություններ իրականացնել ` Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում վերջինիս անխուսափելի հակահարվածից պաշտպանվելու համար, գրում է The Guardian-ը: Իշխանություններն արդեն պաշտպանական համակարգեր են տեղակայում հրթիռակոծումների դեմ, հակագազեր բաժանում ժողովրդին, ռումբապաստարաններ կառուցում: Միայն վերջին 3 ամիսների ընթացքում Իսրայելում ռումբապաստարանների պահանջարկն աճել է 10 անգամ: Սակայն շատերն այս փաստը կապում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ռազմատենչ հայտարարությունների հետ, որոնք, բնականաբար, խուճապ են առաջացրել հասարակության շրջանում: Ինչ վերաբերում է հակագազերին, ապա, ըստ Իսրայելի զինված ուժերի տվյալների, այս տարվա ապրիլից սկսած երկրի ողջ բնակչության 60%-ն արդեն ապահովվել է դրանցով: Ըստ ռազմական վերլուծաբանների` այս ամենը վկայում է Իրայելի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելու մտադրության մասին: Սակայն մասնագետների հետ համակարծիք չէ հրեաների մեծամասնությունը: Նրանք բացառում են Իրանին հարվածելու հավանականությունը` հիմնվելով պաշտպանական գործողություններում քաղաքացիական հատվածի ներգրավված չլինելու հանգամանքի վրա: Որոշ մասնագետներ գտնում են, որ ուժեղացնելով սեփական պաշտպանական դիրքերը՝ Իսրայելը կոչ է անում ԱՄՆ-ին առավել կոշտ դիրքորոշում դրսևորել Իրանի հարցում: Սակայն ոմանք էլ գտնում են, որ այս կերպ Իսրայելը հասկացնում է, որ օգնության հարցում վստահ չէ Օբամայի վարչակարգի վրա և պատրաստ է ինքնուրույն «լուծել» Իրանի հետ իր խնդիրները: Իսրայելի իշխանությունները նշում են, որ երկրում պաշտպանական միջոցների ուժեղացումն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ մոտակա ամիսների ընքացքում Իրանի դեմ պատերազմի տարբերակը բացառված չէ: «Մենք կանխատեսում ենք, որ Իրանին հարվածելու դեպքում Իսրայելի ուղղությամբ հրթիռների «տարափ» կտեղա, ուստի՝ անհրաժեշտ է երկրում հուսալի պաշտպանություն ապահովել»,-նշել է Իսրայելի ռազմական հետախուզության պետ, գեներալ մայոր Ավիվ Կոչավին: Իր խոսքում նա նաև նշել է, որ իրանցիների թիրախում, անկասկած, կլինի Թել Ավիվը: Բացի այդ, պետք է ակնկալել հարվածներ նաև Սիրիայից, Գազայից, Լիբանանից:

No comments: