Thursday, September 20, 2012

Հայաստան է եկել 5000 սիրիահայ

«Լրագիր» 19-9-2012- Սիրահայերի խնդիրներին Հայաստանում որոշ չափով լուծում է տրվում, այդ պատճառով էլ դժգոհողների թիվը նվազում է: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Հալեպ քաղաքի սոցիալ-դոմոկրատական հնչակյան կուսակցության վարիչ մարմնի անդամ Վազգեն Մեսրոպյանը: Նա նշեց, որ եթե մեկ ամիս առաջ դժգոհությունները շատ էին՝ կապված սահմանում վիզա չստանալու, այստեղ 21 օր ապրելուց հետո տուգանքներ կիրառելու, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիություն ստանալու հետ, ապա այսօր այդ խնդիրներին կառավարությունը լուծում է տալիս: Չլուծված խնդիր է մնում սիրահայերին աշխատանքով ապահովելու հարցը: Վազգեն Մեսրոպյանը նշեց, որ իր տվյալներով՝այսօր 5000-6000 սիրահայ է տեղափոխվել Հայաստան, որոնց չնչին մասն է ապահովվել աշխատանքով: Հայ գործատուների առաջարկած աշխատավարձերը սիրահայերի սրտով չեն: Քչերն են համաձայնում հայկական աշխատավարձերով աշխատել: «Եթե գնում են, այդ գործը չեն անում, գործատուն ի՞նչ անի: Ես գիտեմ աշխատողներ կան, որ մինչև 100 հազար դրամ ստանում են: Ես չեմ ասում՝ էտի լուծում է, Հալապում ավելի կստանային, բայց այստեղ, իմ կարծիքով, դա վատ փող չի և բավարար է յոլա գնալու համար»,- նշեց նա: Ըստ Վազգեն Մեսրոպյանի՝ սիրահայերը չեն ցանկանում այստեղ գործունեություն ծավալել, քանի որ վստահ չեն՝ այստեղ են հաստատվելու, թե դարձյալ վերադառնալու են Սիրիա: «Մարդիկ այնտեղ տուն ունեն, խանութներ ունեն և չեն իմանում այստեղ հաստատվեն, թե ոչ: Հարցեր կան, որ լուծվելու կարիք ունեն»,- ընդգծեց բանախոսը: Սիրiահայ գործարարները չեն ցանկանում գալ և գործունեություն ծավալել Հայաստանում, որովհետև, ըստ Վազգեն Մեսրոպյանի,միշտ վատ բաներ են լսել Հայաստանի ներդրումային միջավայրի մասին: «Բայց կառավարությունը անկախությունից հետո հայտարարել է սփյուռքահայերին, որ եկեք այստեղ գործ արեք: Բայց չեն գալիս, կառավարությունը ստիպի՞, որ գան: Ինչո՞ւ չեն գալիս, հետաքրքվել եմ՝ մարդիկ այնտեղ իրենց գործերը ունեն, չեն ուզում գալ այստեղ, մտածում են՝ այստեղ դժվարություններ կկրեն»,- ասաց նա: Ինչ վերաբերում է կացարաններին, ապա բանախոսը նշեց, որ սիրիահայերը հիմնականում վարձակալությամբ են բնակվում Հայաստանում: «Կառավարությունը կացարաններու վերաբերյալ ի՞նչ կարող է անել: Կացարաննե՞ր տա, մարդիկ հանրակացարաններու մե՞ջ ապրեն: Ինչքան տեղեկություն ունեմ, հատկացվել են հանրակացարաններ, բայց արդյոք մեր Հալեպի հայերը կգնան, կապրեն այնտեղ: Այդ հարցն է»,- ընդգծեց նա: Վազգեն Մեսրոպյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստան եկած սիրիահայերի մեծամասնությունն արդեն Հայաստանի քաղաքացիություն են ստացել, սակայն դժվար է ասել՝ նրանք երկարաժամկետ կբնակվեն այստեղ, թե կմեկնեն երրորդ երկիր:

No comments: