Saturday, September 22, 2012

Ռուբեն Հայրապետյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը

PanARMENIAN.Net - 21 սեպտեմբերի 2012 - Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ-ական, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը հետ չի վերցրել իր դիմումը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, որը նա ներկայացրել էր ԱԺ սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում: Այդ մասին PanARMENIAN.Net –ին է հայտնել ՀՀ ԱԺ հասարակայնության ու լրատվական միջոցների հետ կապի վարչության պետ Հրայր Զորյանը: Ըստ ՀՀ ԱԺ կանոնակարգի, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նշենք, որ Nouvelles d'Arménie-ին տված սկանդալային հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ հետ է վերցնելու հրաժարականի մասին դիմումը և շարունակելու է պատգամավորի գործունեությունը: Ռուբեն Հայրապետյանը հաղթել էր Երևանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական համակարգով: Հունիսի 17-ին, Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեցին ՀՀ ՊՆ մայոր, Երևանի զինվորական հոսպիտալի բաժնի վարիչ Վահե Ավետյանը, բժիշկ Արտակ Բայադյանը և ՀՀ ԶՈւ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, որը շուրջ 10 օր կոմայի մեջ էր, մահացավ գիտակցության չգալով: Ավետյանի մահը քաղաքացիական բողոքի մեծ ալիք բարձրացրեց Ռուբեն Հայրապետյանի դեմ, որի արդյունքում Հայրապետյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը:

No comments: