Saturday, September 22, 2012

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր ու բարեկամ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի
Հանրապետությանը՝ Անկախության տոնի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեծագույն հաճույքով լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ սեպտեմբերի 21-ին ձեր անկախությունը նշելու առիթով: Սա առանձնահատուկ առիթ է՝ պատվելու հայերի և հայկական ծագումով մարդկանց նվաճումները: Միացյալ Նահանգներում ամերիկահայերը հարստացրել են մեր հասարակությունը՝ է՛լ ավելի ուժեղացնելով մեր երկու երկրների միջև առկա երկարամյա բարեկամական կապերը: Ես հնարավորություն եմ ունեցել ևս մեկ անգամ զգալու հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը, երբ այս տարվա հունիսին այցելել էի Հայաստան: Ինչպես այն ժամանակ ասացի, Ամերիկան հակված է օգնել Հայաստանին՝ ամրապնդելու իր ժողովրդավարական կառույցները, խորացնելու իր տնտեսական բարեփոխումները և խաղաղ ու բարգավաճ ապագա վայելելու: Հիմա, երբ տոնում եք անկախության 21-ամյակը, իմացե՛ք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր ու բարեկամ: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի առիթով ու մաղթում մեծ հաջողություն գալիք տարում»:

No comments: