Saturday, September 1, 2012

Սթենլի Վայս. Թուրքիան Մերձավոր Արեւելքի մենակյացն է

News.am. 1-9-2012- NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է Վաշինգթոնում ստեղծված անկուսակցական «Business Executives for National Security» կազմակերպության հիմնադրի հոդվածը, որը տպագրվել է «The Huffington Post»-ում։ Երբ նախորդ ամիս Թուրքիայի վարչապետ Էրդողանը Սիրիայում քաղաքացիական պատերազմի կապակցությամբ հանդիպեց Վլադիմիր Պուտինին, կենսագիրները շփոթվելու իրավունք ունեին. Նրանցից մեկը այն կառավարության առաջնորդն է, որը բանտ է ուղարկել ավելի շատ լրագրողների, քան Չինաստանն ու Իրանը միասին վերցրած եւ որի դեմ Եվրադատարանը 2008թ.-ից ի վեր ավելի քան 20 հազար բողոք է ստացել։ Մյուսն էլ Ռուսաստանի նախագահն է։ Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանուր շատ բան ունեն. Երկուսն էլ կամուրջ են Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, երկուսն էլ գերտերություն են։ Երկուսն էլ ցանկանում են միանալ Եվրոպային։ Եւ Պուտինի, եւ Էրդողանի օրոք երկուսն էլ ժողովրդավարությունից հեռանալու պատմական քայլեր են արել՝ փորձելով վերադարձնել երբեմնի փառքը։ Դրանք կարելի է անվանել չորս քայլ դեպի ինքնակալություն։ Քայլ առաջին. Օգտագործիր դատական համակարգը թշնամիներին ճզմելու համար։ Քայլ երկրորդ. Ժողովրդավարության քողի տակ թաքցրու իսկական գաղափարախոսությունդ։ Քայլ երրորդ. Բարեկամություն հաստատիր հին հակառակորդների հետ՝ ի վնաս հին դաշնակիցների։ Քայլ չորրորդ. Ուժ ցուցաբերիր ձայնը չբարձրացնելով, բայց պատրաստ պահելով մեծ ձեռնափայտը։ Երկու պետություններն էլ հավատարիմ են այս սկզբունքներին։ Սակայն Սիրիան կարող է Էրդողանի վախճանը դառնալ։ Թուրքիան սկզբում աջակցում էր Սիրիային, հետո փորձեց նրան համոզել, որ փոխվի, հետո քննադատեց, հետո պաշտոնապես անցավ սիրիական ընդդիմության կողմը։ Թուրքիային հայտնվեց անհարմար դրության մեջ, որը դարձավ միակ երկիրը, որ թույլ տվեց իր տարածքն օգտագործել որպես սիրիական ընդդիմության կայան։ Թուրքիան այժմ խնդիրներ ունի բոլոր հարեւանների հետ, ներառյալ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Իսրայելը եւ Հայաստանը։ Թուրքական հայտնի «Radikal» ամսագիրը իզուր չի գրել, որ «Թուրքիան Մերձավոր Արեւելքի մենակյացն է»։

No comments: