Saturday, September 22, 2012

Արազ Ազիմով. Ադրբեջանը պատրաստ է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը

News.am. 21-9-2012- «Մենք երբեք չենք մերժել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման գաղափարը, սակայն կարգավիճակը կարող է միայն քննարկվել այն դեպքում, եթե ադրբեջանցիները խաղաղ ճանապարհով վերադառնան տարածաշրջան»: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Թե հատկապես ինչ է պատրաստ քննարկել Ադրբեջանը, բացահայտվել է փոխնախարարի հետագա հայտարարություններից: Երկարացնելով հին երգը` Ազիմովը հայտնել է , որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը պետք է համատեղ բնակվեն ադրբեջանցիների հետ, պետք է մշակել նրանց գոյատեւման ինքնավարության մոդել»: Թվարկելով, թե ով ինչ «պետք է անի»` Ազիմովը անդրադարձել է այն երկրներին եւ կազմակերպություններին, ովքեր աջակցում են Ադրբեջանին: Այս համատեսքստում Ազիմովը ցավով արձանագրել է այն, որ «Հայաստանը չի ցանկանում վերանայել իր դիրքորոշումը», եւ այնուհետեւ անցել է ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահների քննադատությանը: «Համանախագահները միայն ժամանակ են շահել, գնացել են այնտեղ, եկել են այստեղ, սակայն, ճիշտն ասած, լուրջ աշխատանքով աչքի չեն ընկել»,-նշել է Ազիմովը: Ազիմովը չի շրջանցել նաեւ Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն, Մոսկվայում մարդասպան Ռամիլ Սաֆորվի արտահանձնման դեմ բողոքի ակցիային վերջինիս մասնակցության համար: Ռուս քաղաքական գործչի հայտարարությունները չեն գոհացրել ադրբեջանցի պաշտոնյային: «Նման դեպքերը` Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի բարեկամական հարաբերությունների ֆոնին, բնականաբար, լավ չեն ընկալվում», - հայտնել է Ազիմովը` ավելացնելով, որ « քաղաքական նման գործիչներին չարժե լուրջ ընդունել»: Հայերի հասցեին գործի դնելով բառապաշարի իր ողջ «զինանոցը»` ադրբեջանցի փոխնախարարը կշտամբել է ԵԱՀԿ ՄԽ-ին` Ռամիլ Սաֆարովի հարցի «չարաշահման համար»:

No comments: