Saturday, September 22, 2012

Վերադարձնել Արարատը

«Լրագիր» 21-9-2012- Հայաստանն անկախության 21-րդ տարեդարձը դիմավորում է ճամփաբաժանի վրա: Անկախության հռչակումից 20 տարի անց Հայաստանը կրկին պետք է ընտրի իր ճանապարհը: Այն, ինչ եղել է, արդեն անցյալում է, եւ մենք այժմ մեկնարկի վրա ենք եւ պետք է ընտրենք ապագան ոչ թե 20, այլ երկար տարիների համար: Ինչու՞ ճամփաբաժան: Առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանը հայտնվել է մի գոտում, որը ցանկանում են վերահսկել Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Մինչ այժմ Հայաստանի ինքնիշխանության մասին հնարավոր էր խոսել միայն վերապահումներով. Միջպետական համաձայնագրի համաձայն, Հայաստանի անվտանգությունը երաշխավորում է ոչ մեր պետությունը, այլ Ռուսաստանը՝ իր ռազմական բազայով: Ռուսաստանն է կանգնած մեր սահմանին, եւ մենք չգիտենք, թե ով է հատում մեր սահմանը: Էլ չենք խոսում այն մասին, որ Ռուսաստանին ենք փոխանցել մեր ենթկառուցվածքները: Անկախությունից 20 տարի անց Հայաստանը ցանկություն է հայտնել փոխել իրավիճակը: 2 ճանապարհ կա՝ կամ վերականգնել ինքնիշխանությունւ, կամ էլ ռուսական բարինին փոխել եվրոպական սենյորով: Երկու ճանապարհներն էլ դժվար են՝ «Հայաստանի անվտանգության պաշտպանությունը Ռուսաստանի կողմից» պայմանագրի չեղյալ հայտարարում եւ Հայաստանում ռուսական բազայի տեղակայման պայմանների փոփոխություն, ինչպես նաեւ նոր նոր պայմանագրի կնքում, համաձայն որի Ռուսաստանը պետք է դադարի պաշտպանել Հայաստանի սահմանները որպես «ԱՊՀ ներքին սահմաններ»: Հայաստանը, ըստ ամենայնի, պատրաստ չէ այդ քայլերին, իսկ դա նշանակում է, որ մենք կմնանք ոչ լիարժեք ինքնիշխանությամբ երկիր: Մենք կանգնած ենք ճամփաբաժնին՝ փորձելով ընտրել այն քաղաքակրթությունը, որում շարունակելու ենք ապրել: Հայաստանը մշտապես իրեն համարել է արեւմտյան քաղաքակրթության մասը, նույնիսկ աղբյուրը, սակայն մենք վաղուց ապրում ենք խորհրդա-ասիական քաղաքակրթության օրենքներով՝ ժողովրդավարության, հավասարության, ազատության նկատմամբ հեգնական վերաբերմունքով, հիերարխիայով՝ ընտանիքում եւ պետությունում, մաղարիչի, կոռուպցիայի, խնամի-ծանոթ-բարեկամի ավանդույթներով: Արդյո՞ք ցանկանում ենք փոխել այս կանոնները: Ճամփաբաժանի եւս մեկ շերտ կա՝ տարածաշրջանային խնդիրները: Մոտենում է 2015 թվականը, եւ Թուրքիան ակնհայտորեն պատրաստվում է այն բանին, որ իրեն կստիպեն ճանաչել հայոց ցեղասպանությունն եւ փոխհատուցում վճարել: Հայաստանը կարող է տարածքով աճել, սակայն դրա համար էլ պետք է պատրաստ լինենք մեր ազգային արժանապատվության պաշտպանությանը: Անկախության սկզբում մենք պաշտպանեցինք արժանապատվություն՝ հաղթելով պատերազմը Ղարաբաղում, այժմ պետք է դիվանագիտական համարձակություն դրսեւորենք եւ հայտարարենք, որ Հայաստանն իրավունք ունի հավակնել իր հողերին: Նախագահն, ում կընտրեն 2013 թվականին, պետք է որոշի, թե ուր է գնում Հայաստանը: Այդ նախագահը կարող է մտնել հայ ժողովրդի պատմության մեջ որպես պետության ղեկավար, ում հաջողվել է վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը, երկիրն ուղղել իր բնական քաղաքակրթական ճանապարհ եւ վերադարձնել Արարատն ու Վանը: Դա ծանր առաքելություն է, որովհետեւ ոչ մի երաշխիք չկա, որ ապագա նախագահը, եթե փոքրոգի կոնֆորմիստ լինի, հավերժ կնվիրի Հայաստանի ինքնիշխանությունը եվրասիական Ռուսաստանին, Հայաստանը կճանաչի ասիական քաղաքակրթության մաս եւ կկորցնի Ղարաբաղը: Նաիրա Հայրումյան

No comments: