Tuesday, September 11, 2012

Չեմպիոնները Հայաստանում են. նրանց դիմավորեց Սերժ Սարգսյանը

Panorama.am. 10-9-2012- Թուրքիայի սրտում ծածանվեց հայկական եռագույնը, հնչեց հայկական հիմնը, և այդ ամենը` շնորհիվ իմաստունների խաղի հայ վարպետների, ովքեր Ստամբուլում կայացած համաշխարհային 40-րդ օլիմպիադայում հռչակվեցին չեմպիոններ: Քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց նախագահական ինքնաթիռը, որը տեղափոխում էր Հայաստանի Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականներին: Նրանց դիմավորելու համար օդանավակայան եկած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջինը մոտեցավ և ծաղկեփնջերով դիմավորեց նախ կանանց հավաքականի անդամներին, այնուհետև օլիմպիական չեմպիոններին, ովքեր պարգևատրվեցին դափնեպսակներով: Գաբրիել Սարգսյան, Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Տիգրան Պետրոսյան և Վլադիմիր Հակոբյան. ահա այն հսկաները, ովքեր վերջին 4 տարիների ընթացքում 3-րդ անգամ ոսկե մեդալները բերեցին Հայաստան: Եվ իհարկե, գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյան, ում ավանդը հաղթանակների կերտման հարցում անգնահատելի է: Չեմպիոններին դիմավորելուց հետո օդանավակայանում հնչեց Հայաստանի պետական օրհներգը, այնուհետև դիամավորելու եկած երկրպագուների ու հարազատների հետ միասին մեր եռակի չեմպիոնները շարժվեցին Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու բացօթյա համերգ: Փառք Ձեզ, իմաստունների խաղի հայ ասպետներ...

No comments: