Tuesday, September 18, 2012

Իսկ Հայաստանին Մոսկվան չներեց

Լրագիր» 18-9-2012- Հայաստանի հանրապետության ռազմավարական դաշնակիցը ներել է Հյուսիսային
Կորեայի 11 մլրդ դոլար պարտքը, որ գալիս է դեռեւս ԽՍՀՄ տարիներից: Հայաստանի դաշնակիցը բավական շռայլ է: Նա տարիներ առաջ ներեց Սիրիայի 8 մլրդ պարտքը, ներեց Աֆղանստանի պարտքը: Հավանաբար հարմար պահի կների Կուբայի միլիարդավոր պարտքերը: Հայաստանի դաշնակիցը միայն Հայաստանին չներեց ու 100 միլիոն պարտքի դիմաց պահանջեց մի քանի ձեռնարկություն, որոնք մինչեւ այժմ ըստ էության չեն էլ աշխատում, Հայաստանի տնտեսությունն էապես չեն էլ շարժում: Օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն առանց քաշվելու հայտարարել էր, թե Ռուսաստանն է պահում Հայաստանի տնտեսությունն ու հայերի ինքնությունը: Ինչպես պարզվեց հետագա օրերին, նա քաշվելու որեւէ պատճառ էլ չուներ, քանի որ Հայաստանի իշխանական համակարգում չգտնվեց մեկը, ով հանդես կգար ռազմահայրենասիրական դիրքերից ու Ռուսաստանի դեսպանին կխնդրեր հանդես գալ ռազմավարական դաշնակցի, ոչ թե տիրոջ դիրքերից: Մինչդեռ, Ռուսաստանը հենց տիրոջ դիրքերից հանդես գալու շնորհիվ է, որ օրինակ չներեց Հայաստանի պարտքն ու այն գանձեց գույքով: Բանն այն է, որ Ռուսաստանի համար ներել-չներելու, պարտքը թողնել-չթողնելու խնդիր չկար: Կարո՞ղ է արդյոք մարդն ինքն իրեն պարտք լինել: Իհարկե ոչ: Նույն կերպ մտածել է Ռուսաստանը, համարելով, որ պետությունը չի կարող ինքն իր փողը ներել: Ռուսաստանը համարել է, որ այդ 100 միլիոնն իրենն է: Պարզապես մեծահոգություն է ունեցել Հայաստանին հնարավորություն տալ դա ներկայացնել որպես միջպետական գործարք: Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանը որեւէ կերպ պարտավորված չի համարում իրեն գործարքից ավելի քան տասը տարի անց էլ որեւէ էական ներդրում անել գույքի դիմաց գանձված ձեռնարկություններում: Բոլորովին վերջերս ընդամենը ինչ որ համաձայնագիր է կնքվել դրանցից մեկն ազատ առեւտրի գոտի դարձնելու վերաբերյալ: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու օրինակ նույն բանն այդ ձեռնարկության հետ չէր կարող անել միայն Հայաստանը, ինքն իր ուժերով: Թե այդ գոտին ռուսական գոտի է, որպեսզի այդ գոտում իրենց ազատ զգան ռուսական ձեռնարկությունները, որ Հայաստանում են: Միգուցե նրանք ձանձրացել են Հայաստանի առաջ որպես ռեզիդենտներ ինչ-ինչ պարտականություններից, եւ ներկայում ունեն դրանց մի մասից ազատվելու խնդիր, ինչում կարող է օգտակար լինել ազատ առեւտրի գոտին, որ ստեղծվում է Ռուսաստանին հանձնված ձեռնարկության տարածքում: Ինչ խոսք, գուցե այդ տարածքում իրենց լավ զգան նաեւ այլ ընկերություններ, այլ ներդրողներ, բայց բանն այն է, որ ռուսական եւ այլ, օրինակ արեւմտյան ներդրողները գտնվում են տրամագծորեն այլ արժեքային, բիզնես մշակույթի, այլ աշխարհայացքի եւ աշխարհընկալման հարթությունների վրա, եւ մի տեղ, որտեղ լավ է ռուսական բիզնեսին, իրեն լավ չի կարող զգալ արեւմտյան ներդրողը: Ինչ խոսք, դա բացարձակ չէ, եւ կան արեւմտյան ներդրողներ, որոնք կարողանում են հարմարվել կոռումպացված համակարգերին ու աշխատել: Բայց խնդիրը սկզբունքային է, եւ երբ այն դիտարկում ենք այդ հարթության վրա, ապա ռուսական եւ արեւմտյան ներդրողների “հարմարավետության” զգացումները բոլորովին այլ են: Օրինակ, այդ իմաստով, երբ ասենք Հայաստանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, ընդհուպ նախագահը, Մոսկվայում հայտարարում են, թե Հայաստանում ռուսական բիզնեսն իրեն հարմարավետ է զգում, այդ արտահայտությունը խորքային առումով վկայում է Հայաստանի տնտեսական միջավայրի անառողջության մասին: Ընդհանուր առմամբ, առողջ տնտեսական միջավայրն ու ռուսական բիզնեսը “գենետիկորեն” անհամատեղելի են, իհարկե բացառություններով, որոնք հաստատում են կանոնը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: