Wednesday, September 19, 2012

Ոչ հայանպաստ բանաձևի նախագիծը` կրկին ՄԱԿ-ի նստաշրջանի օրակարգում

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում կմեկնարկի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը: Այն կտևի մինչև 2013թ.-ի սեպտեմբերի կեսերը: Օրակարգի նախագծի` «Աջակցություն միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը» բաժնում ներառված է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը: Ադրբեջանի կողմից ներկայացված այս բանաձևի նախագիծը վերաբերում է տվյալ տարածքներում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման անհրաժեշտությանը: Այն վերջին առնվազն երեք նստաշրջանների օրակարգերում ներառված է եղել, սակայն չի քննարկվել և այդ պատճառով ամեն անգամ տեղափոխվել է հաջորդ նստաշրջանի օրակարգ: Դեռևս 2010թ.-ի օգոստոսի 29-ին Ստեփանակերտում պատասխանելով ԼՂ-ի հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում շահարկելու Ադրբեջանի քաղաքական ուղեգծի վերաբերյալ հարցին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի քննարկմանը ներկայացվելիք բանաձևի «ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ո’չ քաղաքական, ո’չ տնտեսական կյանքում, ո’չ էլ անվտանգության բնագավառում»: Նախագահը նաև կարծիք էր հայտնել, որ անգամ քննարկվելու դեպքում այդ բանաձևին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ: «Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»,-մասնավորապես ասել էր Ս.Սարգսյանը: Ի դեպ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի օրակարգի նախագծում են նաև Հայաստանին այս կամ այն կերպ առնչող ևս երկու` «Զինված հակամարտությունների կանխարգելումը» և «ՎՈՒԱՄ-ի տարածքում սկսված հակամարտությունները և դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա» հարցերը: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի, Գլխավոր ասամբլեայի աշխատանքների առաջին շաբաթվա ավարտին` սեպտեմբերի 24-ին, կհրավիրվի ազգային և միջազգային մակարդակներում իրավունքի գերակայության հարցերով խորհրդակցություն, որի ընթացքում անդամ երկրների, ոչ կառավարական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կփնտրեն իրավունքի գերակայության ամրապնդման ուղիներ: Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը կայանալիք ամենամյա ընդհանուր քննարկումների ընթացքում ելույթ կունենան երկրների և կառավարությունների ղեկավարներ: Ասամբլեայի կողմից քննարկվելիք հիմնական թեմաներից են հազարամյակի զարգացման նպատակները, կլիմայի փոփոխությունն ու կայուն զարգացումը, պարենային անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում միջնորդական դերակատարությունը, զինաթափումը, ՄԱԿ-ի բարեփոխումը, ներառյալ Անվտանգության խորհրդի բարեփոխումն ու Գլխավոր ասամբլեայի աշխատանքների ակտիվացումը: Փաստինֆո

No comments: