Thursday, September 20, 2012

Հայ Եկեղեցին դատապարտում է կրոնական հողի վրա սադրիչ երևույթները

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ: Ժողովի ընթացքում քննության են առնվել Մայր Աթոռի միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադառնալով վերջին օրերին միջազգային հանրության կյանքն ալեկոծած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին` խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսևորումների ու բռնարարքների, որոնց հետևանքով եղան մարդկային զոհեր: Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երևույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության և խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, «որովհետև Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կոր.14:3)»:

No comments: