Thursday, September 20, 2012

Ադրբեջանական արդարադատություն. հարվածիր կացնով եւ կոչումդ կբարձրացնեն. HABERTURK

News.am. 20-9-2012- Թուրքական Haberturk պարբերականի սյունակագիր Ամբերին Զամանը խիստ քննադատական հրապարակում է ներկայացրել Հունգարիայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում նրան հերոսացման հետ կապված: NEWS.am-ը ներկայացնում է Ամբերին Զամանի «Ադրբեջանական արդարություն. Հարվածիր կացնով եւ կոչումդ կբարձրանա» վերնագրով հրապարակումից մի հատված: «Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հետ հենց այդպես էլ եղավ: Նա 8 տարի առաջ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլերենի դասընթացի էր մասնակցում: Նա գնեց կացին եւ նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանեց: Դատավարության արդյունքում Սաֆարովը ցմահ ազատազրկման դատապարտվեց: Նա վերջին օրերին հունգարական իշխանությունների կողմից հանձնվեց Ադրբեջանին: Եւ երկիր մտնելուն պես, այդ հանցագործին որպես ազգային հերոս են դիմավորում: Փողոցները լցված ժողովուրդն իր սերը ցույց տվեց Սաֆարովի նկատմամբ, իսկ պետությունը նրան նվիրեց բնակարան, տվեց 8 տարվա աշխատավարձ եւ բարձրացրեց նրա զինվորական կոչումը: Այդ «փառահեղ» վերադարձի համար վաղուց էր հող նախապատրաստվել: Ադրբեջանի պետական լրատվամիջոցների պնդմամբ՝ Մարգարյանը անարգել էր Ադրբեջանի դրոշը: Սակայն հունգարական դատարանում այդ մասին որեւէ ապացույց չներկայացվեց: Որ կողմից էլ նայես, կացնահարվեց ոչ միայն Մարգարյանը, այլ նաեւ միջազգային իրավունքը: Ըստ շրջանառվող լուրերի՝ պարտքերի մեջ խեղդվող հունգարական կառավարությունն Ադրբեջանից տարբեր շահեր էր ստացել: Դրանցից գլխավորն այն էր, որ Ադրբեջանը 3 միլիարդով գնել է հունգարական պետական արժեթղթերը: Այդ սկանդալային որոշման հեըեւանքով հունգարական կառավարությունը ենթարկվեց Եվրախորհդարանի եւ այլոց մեղադրանքներին: Հայաստանը խզեց Հունգարիայի հետ հարաբերությունները: Մի բարձրաստիճան հայ դիվանագետ ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նման որոշումից հետո հայերը մեկ առ մեկ թիրախ են դարձել: Այս որոշման ուղերձը հհետեւյալն է. «Խփիր հային, կոչումդ կբարձրացվի»: Այս սկանդալի մյուս զոհը Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող Ղարաբաղի հարցով բանակցություններն են»,-գրել է Haberturk-ի սյունակագիրը:

No comments: