Wednesday, September 19, 2012

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բեկումնային փոփոխություն կլինի միայն նախագահական ընտրություններից հետո

Panorama.am. 18-9-2012- Թեհրանում Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովի անցկացումը և Իրանի կողմից այդ կազմակերպության նախագահության ստանձնումը Թեհրանի դիրքերը հոգեբանական առումով ամրապնդեց միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև ընթացող բանակցություններում: Միջուկային խնդրի շուրջ տարվող բանակցությունների ողջ պատմության ընթացքում կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել և ներկայացում է իր սահմանած «կարմիր գիծը»: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ «5+1 խումբը» հարգի և պաշտոնապես ճանաչի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով և միջազգային նորմերով նախատեսված Իրանի իրավունքը, իսկ հակառակ կողմն էլ պնդում է, թե անհանգստացած է, որ Իրանն ընթանում է միջուկային զենք ստեղծելու ճանապարհով: Այս առումով Իրանը հերքում է Արևմուտքի այդ պնդումները, նշելով որ ԻԻՀ ԶՈւ գերագույն հրամանատար, երկրի հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան մերժում է զանգվածային ոչնչացման, այդ թվում միջուկային զենքի կիրառումը: Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների անարդյունավետությունը կայանում է նրանում, որ կողմերից յուրաքանչյուրը առաջ է քաշում այնպիսի պայմաններ, որն անընդունելի է լինում «հակամարտող» կողմերի համար: Այսինքն, Իրանից այնպիսի գործողություններ են պահանջում, որը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով նախատեսված չէ և դուրս է Իրանի ստանձնած պարտավորությունների շրջանակներից: Օրինակ՝ Իրանից պահանջում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին (ԱԷՄԳ) թույլատրել ստուգումներ իրականացնել Փարչինում, սակայն, Իրանը պնդում է, թե դա ռազմական հաստատություն է և որը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը չի նախատեսում այնտեղ ստուգումներ անցկացնել: Այդ առնչությամբ՝ ԱԷՄԳ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն օրերս հայտարարեց, որ Իրանը երբեք չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները: Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել էր, որ ԱԷՄԳ-ի ավելի քան 5000 տեսուչների կողմից կատարված հետաքննությունը մինչ օրս չի կարողացել ապացուցել, որ Իրանը շեղվել է իր միջուկային ծրագրից: Թեհրանում կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովի ավարտին մասնակիցների կողմից հնչած համատեղ հայտարարության մեջ ևս շեշտվեց երկրների` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայից օգտվելու իրավունքը: Պաշտոնական Թեհրանն իր գործողությունների թափանցիկությունն ընդգծելու նպատակով հայտարարեց, որ համաժողովի օրերին Թեհրանում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եթե ցանկանա, ապա նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թույլտվությամբ կարող է այցելել միջուկային հաստատություններ: Ինչ վերաբերում է Իրանի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Իսրայելի հայտարարություններին, ապա այս հարցում որոշակի «փոխհամաձայնեցված» տարաձայնություններ գոյություն ունեն Վաշինգթոնի և Թել Ավիվի միջև: Իսրայելը պնդում է, որպեսզի ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ «կարմիր գիծ» նախանշի, Միացյալ Նահանգներն էլ պնդում է, թե Իրանի միջուկային խնդիրն առայժմ հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով: Գրեթե նույն կարծիքն են հայտնում նաև Եվրամիությունում կարևոր դիրք զբաղեցնող Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահները: Հարկ է նշել, որ օրերս Սպիտակ տան հեղինակավոր փորձագետներն իրենց պատրաստած զեկույցում ևս բացասական եզրակացություն են տվել միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարին, նշելով, որ իրանական պատերազմն իրաքյանից ու աֆղանականից ավելի ծախսատար և բարդ է լինելու: Բենիամին Նեթանյահուին մոտ կանգնած «Իսրայել թայմզ» պարբերականը, վերլուծելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված առկա իրավիճակը, նշել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունն օրերցոր նվազում է: Ի պատասխան Իրանի հասցեին հնչող սպառնալիքներին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար, բրիգադի գեներալ Սեյյեդ Յահյա Սաֆավին էլ, օրերս անդրադառնալով Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման թեմային, նշել էր, որ եթե Իսրայելը փորձի Իրանի վրա ռազմական հարձակում գործել, ապա Լիբանանում գործող «Հեզբոլլահը» շատ հեշտությամբ կարող է պատասխանել Իրանի նկատմամբ ուղղված սպառնալիքին: Ինչ վերաբերում է միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, ապա նշենք, որ ս.թ. ապրիլի 14-ին Ստամբուլում կայացել էր առաջին փուլը: Երկրորդ փուլն անցկացվեց մայիսի 23-ին՝ Բաղդադում, իսկ երրորդը տեղի ունեցավ հունիսին՝ Մոսկվայում: Հավանաբար հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում: Իրանի միջուկային խնդրի շուրջ Արևմուտքի հնչեցրած մտահոգություններն ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ, քանի որ Իրանին ներկայացրած յուրաքանչյուր պահանջին հետևում է նորը, առանց գնահատականներ տալու Իրանի կողմից արդեն կատարված գործողությունների առնչությամբ: Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին, ապա այդ առնչությամբ մինչև ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները ևս կկիրառվեն տնտեսական պատժամիջոցներ, կհնչեն բազմաթիվ (երբեմն կրկնվող, երբեմն հակասական) հայտարարություններ, որոնց, ինչպես պատմությունն է վկայում, Թեհրանն այդքան էլ ուշադրություն չի դարձնում: Միջուկային ծրագրի առնչությամբ բեկումնային փոփոխություն կարելի է արձանագրել միայն Իրանում 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններից հետո, երբ պարզ կդառնա թե որ քաղաքական ուժերն են գալու իշխանության և ինչպիսի դիրքորոշում են որդեգրելու Արմևմուտքի հետ հարաբերություններում: Հեղինակ` Արմեն Իսրայելյան, իրանագետ

No comments: