Thursday, September 20, 2012

Թալիբները Արցախում ձախողեցին կռվելու և փայլուն կատարեցին փախնող ադրբեջանցիներին գնդակահարելու հանձնարարությունը. Տեր-Թադևոսյան

Tert.am. 20-9-2012- Արցախյան ճակատում վարձու հիմունքներով կռվող թալիբական և այլ վարձու
խմբավորումներն ամբողջությամբ տապալեցին իրենց տրված առաջին հանձնարարությունը, և փայլուն կատարեցին երկրորդը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման պնդում արեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, պաշտոնաթող գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը)՝ առաջինի տակ նկատի առնելով պարզապես կռվելը, իսկ երկրորդի տակ` կանգնել ճակատի երկրորդ գծում և գնդակահարել փախնող և դասալիք ադրբեջանցիներին: Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվում էին շուրջ 2000 իսլամիստական խմբավորումների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ` թալիբներ, աֆղանցիներ և այլոք, որոնք հիմնականում կռվում էին ոչ թե հանուն հավատի, այլ հանուն փողի ի պատասխան Tert.am-ի հարցի՝ տեղեկացրեց Արկադի Տեր-Թադևոսյանը: «Կային մարդիկ, որ հանուն հավատի համար էլ էին կռվում, բայց նրանք հատուկենտ էին, հիմնականում` չեչեններն էին: Հիշում եք` Բասաևը փախավ Շուշիից ու հետագայում շատ վատ արտահայտվեց այն մասին, թե ինչպես են կռվում ադրբեջանցիները»,-վերհիշեց Կոմանդոսը: Հիշեցնենք, որ քանի դեռ ԱԱԾ-ն երեկ չէր հերքել տեղեկությունները, թե Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների խումբ, որոշ քաղաքական գործիչներ անդրադառնալով հարցին, թե քրիստոնյա Հայաստանն ահաբեկչության առումով ինչ առնչություն կարող է ունենալ ծայրահեղ իսլամիստ վահաբիստների հետ, նշել էին, որ որոշ հետաքրքրություն կա, հաշվի առնելով, որ արցախյան պատերազմի տարիներին Արցախում էր Շամիլ Բասաևը, կային մահապարտներ: «Թալիբները Հայաստանո՞ւմ»,- հարցը լսելով զարմացած արձագանքեց զինվորականը և ավելացրեց. «Թալիբները չեն կարող Հայաստան գալ, բայց իրենց լրտեսները կարող է գան, առևտուր անելու (պատրվակով - Tert.am) »,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը` նկատելով, որ թալիբները լավ են կռվում իրենց տեղանքում, իրենց աշխարհագրական հարթության վրա:

No comments: