Thursday, September 20, 2012

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կարող է քննարկվել Սաֆարովի անօրինական ներման հարցը

PanARMENIAN.Net - 20 սեպտեմբերի 2012 - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի նախնական օրակարգում ընդգրկված է Ռամիլ Սաֆարովի հետ կապված հարցը: Եթե հարցումը հավանություն ստանա, ապա հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու շուրջ իրավիճակի քննարկումը ԵԽԽՎ-ում տեղի կունենա աշնանային նստաշրջանի առաջին օրը` հոկտեմբերի 1-ին: Գալիք նստաշրջանի նախնական օրակարգը, որը տևելու է մինչև հոկտեմբերի 5-ը, հրապարակվել է վեհաժողովի կայքում: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ կուսակցության գործընկերները և խորհրդականները բազմիցս նախազգուշացրել են նրան նման քայլի վտանգավորության մասին, բայց հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների կողմը` Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուներ ապահովելու համար: Օրբանը խոստովանել է, որ իմացել է հնարավոր հետևանքների մասին, բայց ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհվի մի քանի ամիս անց «առողջական պատճառներով»: Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին իր երկրի վարչապետին անվանել է «բարոյապես սնանկ» և կոչ արել հրաժարական տալ: Ինչպես հայտարարել է Մեշտերհազին, Օրբանը պետք է անձամբ պատասխանատվություն կրի իր որոշումից հետո ծագած սկանդալի համար, քանի որ հետևանքների մասին իրեն նախազգուշացրել են ԱԳ և արդարադատության նախարարները:

No comments: