Thursday, September 6, 2012

CNN. Պատերազմի հավանականությունն աճում է

Panorama.am. 6-9-2012- Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, պատերազմի հավանականությունը գնալով մեծանում է: Այս մասին գրում է «CNN» լրատվական գործակալությունը: Այս իրադարձություններն ավելի սրեցին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները: Աղբյուրը հիշեցնում է, որ ադրբեջանցի մարդասպան Սաֆարովը 2004թ-ին Բուդապեշտում քնած ժամանակ կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և դրա համար Բուդապեշտում նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման: Եվ այս ամենը տեղի էր ունեցել 2004թ-ին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացների ժամանակ: Սակայն Հունգարիան 2012թ-ին որոշեց արտահանձնել նրան: Սաֆարովին իր ծննդավայրում` Ադրբեջանում, երկրի նախագահը ներում շնորհեց: ԱՄՆ-ն այն պետությունների դասին էր պատկանում, որոնք դեմ դուրս եկան Սաֆարովի ներման վերաբերյալ որոշմանը: ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է այս ամենով և Հունգարիայից պահանջում էր ավելի շատ տեղեկություններ տրամադրել նրան, թե ինչու է արտահանձնել Սաֆարովին: «Մենք կապվել ենք Ադրբեջանի իշխանությունների հետ և մեր հիասթափությունն ենք արտահայտել Սաֆարովի համաներման վերաբերյալ: Այս իրողությունը հակասում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և հաշտեցմանը նպաստելու ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- այս մասին հայտարարել էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիտորը: Հիշեցնենք, որ այդ ամենից հետո Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

No comments: