Wednesday, October 31, 2012

Նիցցայում հայկական մաֆիայի պարագլխի համար 7 տարվա ազատազրկում են պահանջում

«NEWS.am», 31.10.2012: Ֆրանսիայի Նիցցա քաղաքի դատարանը քննում է հայկական մաֆիոզ կլանի գործը: Մեղադրող կողմն առաջարկել է 7 տարվա ազատազրկման դատապարտել կլանի առաջնորդին, ում կասկածում են կավատության եւ կեղծ արժույթի շրջանառության մեջ: Այս մասին հաղորդում է «Maville.com» կայքը: Հիշեցնենք, որ Նիցցայի քաղաքային դատարանում արդեն մեկ շաբաթ է, դատաքննություն է ընթանում 16 հայերի եւ 2 իտալացիների գործով, որոնց, ի թիվս այլ մեղադրանքների, դատում են փողերի լվացման, բռնությունների, թմրամիջոցների շրջանառության, հանցավոր գործարքներ կատարելու համար: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շատ դեպքերում այս գործընթացը պատմության մեջ կմտնի որպես նախկին խորհրդային բլոկի մաֆիայի նկատմամբ «ամենամեծ» գործընթացը Լազուրե ափում, անգամ Ֆրանսիայի մակարդակով, եթե դատապաշտպաններին չհաջողվի մեղմացնել մեղադրանքը: Գրեթե բոլոր մեղադրյալները գործազուրկներ են, ապրում են նպաստով, սակայն շքեղ ավտոմեքենաներ են վարում կամ խաղատներ այցելում Լազուրե ափում: Դատախազ Քորինի Սավոնը պահանջել է արգելել նրանց մուտքը Ֆրանսիա: Դատարանը որոշում կկայացնի ուրբաթ՝ դատապաշտպանների ելույթներից հետո: Դատարանն ունի մասնակի խոստովանական ցուցմունքներ եւ վերջին մի քանի ամսիների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ: Հանցավոր կառույցը գլխավորել է բռնցքամարտի նախկին չեմպիոն, հայաստանցի 49-ամյա Միհրդատ Ասատրյանը՝ «Միրո» մականունով: Նա դատարանում հերքել է բոլոր մեղադրանքները, իսկ նրա ընկերները նրան ներկայացրել են որպես սովորական մարզիկ, ով բիզնեսով զբաղվելու տաղանդ չունի եւ ապրում է Նիցցայում պետության կողմից հատկացված համեստ բնակարանում: «Միրոյի» ցուցմունքները դատարանում հաճախ ծիծաղ էին առաջացնում: Դատախազը նշել է, որ նրա հանդեպ մեծ հանգանքով էին վերաբերվում: Մի գործարար, ում կասկածում են կլանի ֆինանսիստը լինելու մեջ (նրա համար 3 տարվա ազատազրկում են պահանջում), խոսակցության մեջ Մ. Ասատրյանին «թագավոր» է կոչել: Քննությունը «Միրոյին» համարել է «օրենքով գողերի» կլանի տարածաշրջանային առաջնորդը” Նրան կանչում էին Փարիզում, Մարսելում, Ստրասբուրգում, Լիոնում, Հունաստանում, Շվեյցարիայում եւ Իսպանիայում հայկական համայնքի ներսում ծագած խնդիրները լուծելու համար: Գործով անցնող երկու անձինք զբաղվել են կեղծ թղթադրամները Ֆրանսիա, բելգա, Գերմանիա կամ Ռուսաստան հասցնելով եւ իրացնելով: Կեղծ եվրոները վաճառվել են իրենց անվանական արժեքի 1/3-րդ գնով: Նրանք են «Ռուբո» մականունով 49-ամյա Ռոբերտ Մխիթարյանը (նրա համար պահանջում են 7 տարվա ազատազրկում) եւ նրա որդի Արենը (նրա համար պահանջում են 4 տարվա ազատազրկում): Լազուրե ափում եւ Լիոնի շրջանում աշխատող բազմաթիվ վերավաճառողների համար դատախազն առաջարկել է 2 տարվա պայմանականից մինչեւ 5 տարվա ազատազրկում: Բելգիայում երեք հայերի կդատեն ավելի ուշ: Գործով անցնում է նաեւ Սերժ մականունով Սարգիս Մնացականյանը՝ կլանի կավատը, ով խոստովանել է, որ աղջիկներ է մատակարարել տղաների համար: Դատախազը հատկապես կտրուկ է արտահայտվել «սկանդալային» Արթուր Հայրապետյանի՝ «հայր Վաչեի» մասին, ով Նիցցայի հայկական եկեղեցու նախկին տեր հայրն է, իսկ այժմ՝ Ստրասբուրգի հոգեւոր հովիվը: Նա եկեղեցին վերածել է ավազակների որջի: Հիշեցնենք, որ Տեր Վաչե քահանային ամեն կերպ հովանավորում էր Գարեգին Բ կաթողիկոսը: Ամիսներ առաջ Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցու խորհրդի ու Հայաստանի առաքելական եկեղեցու միջեւ ծագած վեճը տեղափոխվել էր ֆրանսիական դատարան, որտեղ Մայ աթոռ սուրբ Էջմիածինը եւ Տեր Վաչեն մասնավորապես, պարտություն էին կրել տեղի հայ համայնքի հետ վեճում:

No comments: