Wednesday, October 10, 2012

ՀՈՒՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ՓՈՔՐԱՍԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ 90 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

“Հայաստան” լրատու ցանց, Աթենք, 09.10.2012: Հարգելով Փոքրասիական աղետի զոհերի հիշատակի 90-ամյակը, աղետ, որ անկյունադարձային հետևանքներ ունեցավ հայ և հույն ժողովուրդների պատմության մեջ, ՙՀունահայկական ուսումնասիրությունների կենտրոն՚-ը և ՙԱրարատ մարզամշակութային միություն՚-ը կազմակերպում են դասախոսությունների շարք` ՙՀունահայկական եռերգություն՚` (տրիլոգիա) ընդհանուր խորագրով: Հունաստանի ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Ռենդի-Նիկիայի քաղաքապետարանի համագործակցությամբ առաջին դասախոսությունը կայացավ հոկտեմբերի 8-ին, ՙՀայաստանը` Էլեֆտերիոս Վենիզելոսի Մեծ Հունաստանի տեսլականում՚ թեմայով: ՙՀունահայկական ուսումնասիրությունների կենտրոն՚-ի քարտուղար, օրվա բանախոս պարոն Հովսեփ Քասեսյանը պատմական ակնարկից հետո նշեց, որ հույն վարչապետ Է. Վենիզելոսը նպատակադրել էր Բյուզանդական կայսրության էական վերակազմումը` հայկական և հունական պետությունների ստեղծումով, որոնք վերահսկելու էին եկու կողմից սեղմվող թուրքական պետությանը: Հետևաբար, Է. Վենիզելոսը զորակցում էր հայկական անկախ պետականության ստեղծմանը որպես Մեծ Հայաստանի ստեղծման նախաքայլ: Այդ նպատակով Վենիզելոսը Հայաստանին ընծայեց մեծ մասամբ հույներով բնակեցված Տրապիզոնի նահանգը, հունական խորհրդարանում հայտարարելով, որ ՙպոնտոսցի հույները մտահոգվելու պատճառ չունեն մի այլ քրիստոնյա ժողովրդի հետ համատեղ ապրելուց՚: Պարոն Քասեսյանը եզրակացրեց, ՙոր պատմական եղելությունները ապացուցում են Վենիզելոսի համոզմունքների ճշմարտացիությունը՚: Յուահատուկ թեմա շոշափելով` դասախոսությունը հետաքրքրությամբ ընդունվեց ներկաների կողմից, որին հետևեց հարց ու պատասխան:

No comments: